Տպել
Նորություններ
ՙՙՎԵՐՋԻՆ ԴԱՍԸՙՙ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ
22.05.2013

Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ընթերցեց Գեղարքունիքի մարզպետի 2013թ մայիսի 20-ի կարգադրությունը՝ մարզային ենթակայնության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-13 ուսումնական տարվա փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպելու վերաբերյալ, ներկաների ուշադրությունը հրավիրելով հատկապես մայիսի 24-ին հանրակրթական հաստատություններում կայանալիք ,,վերջին դաս,, արարողության կազմակերպման և անցկացման ընթացակարգին: Նշված օրը անցանկալի դեպքերը բացառելու նպատակով լուրջ անելիքներ ունի նաև ոստիկանությունը: Ինչի առիթով էլ Գեղարքունիքի մարզային ոստիկանության պետ Վարդան Նադարյանը ներկայացրեց մարզային ոստիկանության կողմից մշակված ծրագիրը, ըստ որի մայիսի 24-ին ոստիկանության աշխատակիցները կվերահսկեն շրջանավարտների տեղաշարժը ամենուր: Ամփոփելով վերը նշված թեման Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեկ անգամ ևս հորդորեց դպրոցների տնօրեններին՝ միջոցառումների ընթացքում լինել չափազանց ուշադիր՝ պահպանելով մարզպետի կարգադրության համապատասխան պահանջները: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը անդրադարձավ նաև հանրակրթական հաստատություններում անցնող ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, մասնավորապես անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության կողմից արձանագրված թերություններին: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց հիմնականում այն խնդիրների մասին, որոնք բացահայտվելուց հետո շարունակում են պահպանվել նույն կերպ: Դրանք առնչվում են աշակերտների բացակայության, ավարտական վկայականների լրացման, դասագրքերի վարձավճարների հավաքագրման և այլ թեմաների հետ: Մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետում վերացնել բոլոր թերությունները: Հանրակրթության ոլորտում առկա խնդիրների և անելիքների շուրջ խորհրդակցությունը շարունակեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը: