Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
14.05.2013
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան ասմունքի 6-րդ մարզային փառատոնը, որը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին:Ամենամյա ասմունքի փառատոնը անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանո ներքո:
Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի տարածքային փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են շուրջ 2000 դպրոցական, որոնցից մարզային փուլ են դուրս եկել 38-ը:
Մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացած աշակերտներից 20-ը ներկայացնում էին 11-14 եւ 18 դպրոցական` 15-17 տարիքային խմբերը:
Հանրապետական փուլի ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր դպրոցական հանդես եկավ երկուական ասմունքով` ներկայացնելով Համո Սահյանի եւ Պարույր Սեւակի ստեղծագործություններից:
Ժյուրիի կազմը, որում ընդգրկված էին գիտնականներ, արտիստներ ու ասմունքողներ, հաղթող ճանաչեց 6 մասնակցի:
11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի, 11 տարեկան Ալլա Վարդանյանը, 2-րդ տեղը` Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 14 տարեկան Սոնա Կարապետյանը,
Երրորդ տեղը` Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի,14 տարեկան Համասփյուռ Հովհաննիսյանը:
15-17 տարեկանների տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 17 տարեկան Ադա Դավթյանը, 2-րդ տեղը` Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ, 16 տարեկան Գարիկ Ներսիսյանը, 3-րդ տեղը` Ծովագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 17 տարեկան Լիա Մովսիսյանը:
Հաղթող ճանաչվածներից ամենաբարձր միավորները վաստակեց Ադա Դավթյանը: Մրցանակային տեղեր գրաված 6 մասնակիցները կմասնակցեն ասմունքի փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլին, որը կկայանա մայիսի 27-ին, Վայոց Ձորում, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին նույն վայրում կայանալիք գալա համերգի ժամանակ: Գեղարքունիքի մարզպետի կողմից մարզային փուլում հաղթող ճանաչված եւ հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած աշակերտներին նվերներ հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը: