Նորություններ
ՆՇՎԵՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ
09.05.2013

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ մարզպետարանի, քաղաքապետարանի և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում ընկածների հիշատակի առջև: Մարզի ղեկավարը շնորհավորեց հավաքվածներին մայիսյան եռատոների կապակցությամբ, նշելով, որ այսօր մեր երկիրն ունի կայացած ու հզոր բանակ, որը իր մարտունակությամբ չի զիջում շատ բանակների: Մեր սահմաններն ամուր են և թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում Հայոց բանակը կարող է արժանի հակահարված հասցնել, հավելեց մարզպետը: Հիշատակի և շնորհավորանքի խոսք ասաց նաև Գավառի տարածքի Մեծ հայրենականի վետերանների խորհրդի նախագահ Խաչիկ Սարգսյանը, ում, ինչպես նաև նրա մարտական ընկերների հուշերում միշտ վառ են մնում պատերազմական տարիները և այդ ընթացքում ունեցած ձեռքբերումներր: Տոնը՝ շարունակվեց Գավառ քաղաքի արվեստի դպրոցում , որտեղ տեղի ունեցավ հյուրասիրություն և որի ընթացքում ՝ Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի 60 վետերաններ Գավառի քաղաքապետարանի կողմից ստացան դրամական պարգև:
Ավանդույթի համաձայն Գավառի տարածաշրջանի Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերաններին դրամական պարգև հանձնվեց նաև ,, Տիգրան Արզաքանցյան,, բարեգործական հիմնադրամի կողմից:
Հաղթանակի տոնը մեծ շուքով նշվեց նաև մարզի բոլոր քաղաքային ու գյուղական համայնքներում, որտեղ տեղի վետերանները արժանացան մեծարանքի և խրախուսանքի: