Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
08.05.2013

Հարգելի հայրենակիցներ:
Երջանիկ զուգադիպությամբ 20-րդ դարում Մայիսի 9-ը երկու անգամ հայ ժողովրդին պարգեւեց պատմական կարեւորագույն հաղթանակներ, որոնց շնորհիվ մեր հայրենիքը կարողացավ հրաշքով հաղթահարել մահաբեր պատերազմները եւ նվաճել տեւական խաղաղության եւ զարգացման ուղին: Թե Հայրենական մեծ պատերազմում, թե Արցախյան գոյամարտում հայ ժողովրդի գլխին կախված էին ֆիզիկական բնաջնջման եւ Հայաստանի ու Արցախի հայաթափման նույն վտանգները, որոնք կանխվեցին հարյուր հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, սխրանքների եւ կյանքերի գնով միայն: 1945 թվականի Մայիսի 9-ի պատմական հաղթանակը ֆաշիզմի դեմ կանաչ ճանապարհ բացեց Սովետական Հայաստանի ծաղկման ու հզորացման համար, իսկ նրա միլիոնավոր քաղացիները, ունենալով իրենց հերոս հայրերի ռազմահայրենասիրական ոգին, 1988 թվականի փետրվարին ամուր ու վճռական կանգնեցին Արցախի ազատագրման, ապա` Հայաստանի Հանրապետության անկախության հաստատման դիրքերում: Իրենց հայրերի հերոսական փառքը նրանք կարողացան կրկնել 1992 թվականի Մայիսի 9-ին` գրավելով ու լռեցնելով Շուշիի մահաբեր կրակակետը, որտեղից տարիների տեւողությամբ ադրբեջանցի հրոսակները տարբեր տեսակի զենքերից գնդակոծում եւ ավերում էին Ստեփանակերտը, փորձում բնաջնջել Արցախի մայրաքաղաքն ու մյուս հայկական բնակավայրերը: Շուշիի պատմական հաղթանակը նոր դուռ բացեց Արցախյան գոյամարտում տարած մյուս փառավոր հաղթանակների համար, որոնք միայն մեր հակառակորդին ստիպեցին ծնկի գալ եւ հրադադար խնդրել: Մեր հայրենիքն ապրեցնող, օրավուր զորացնող այդ հաղթանակները պետք է միշտ ակնածանքով ու քաջալերությամբ հիշվեն, հերոսների վեհ գործերով ու անուններով, տոնական ու հաղթական տրամադրությամբ, որպեսզի ոչ միայն ոչ ոք ու ոչինչ չմոռացվի, այլ նաեւ հայ սերունդները պատվով լուծեն հայրենիքի պաշտպանության գերագույն խնդիրը, արժեւորեն ու զարգացնեն Մայիսյան հաղթանակների ձեռքբերումները:
Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին, մաղթում բոլորին խաղաղ երկինք, քաջ առողջություն, երջանկություն ու հաջողություն ընտանիքում, անձնական կյանքում, հայրենաշինության ու հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործերում: Թող մեր բազմաչարչար, հոգսաշատ, բայց արաչագործությամբ բռնկված ժողովրդի վրա տեւականորեն շողշողա նորանոր հաղթանակների եւ խաղաղության արեւը:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան