Տպել
Նորություններ
ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
22.04.2013

Գեղարքունիքի մարզի 12 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Օրերս այս թիվը ավելացավ ևս 1-ով: Սեւան քաղաքի Վ.Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվելու է ներառական կրթություն,որտեղ ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ: Այդ նպատակով ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում ստորագրվեց եռակողմ հուշագիր, որը վավերացրին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը եւ «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը: Ստորագրված հուշագրով նշված դպրոցում իրականացվում է «Հավասար հնարավորություններ հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների եւ նրանց ծնողների համար» ծրագիրը, որով ստեղծվում են պայմաններ այստեղ ներառական կրթության կազմակերպման համար: Ծրագրի շրջանակներում կառուցվում են թեքահարթակներ, վերանորոգվում եւ կահավորվում է համապատասխան դասասենյակ, վերապատրաստվում են մասնագետ ուսուցիչները, ներառական կրթության մեջ ընդգրկվում են հատուկ կարիք ունեցող երեխաներ: ՙՙ Պետք է անել հնարավորը, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները շփվեն իրենց հասակակից եւ առողջ երեխաների հետ, իրենց զգան որպես հասարակության լիիրավ անդամներ եւ առողջական խնդիրների համար հոգեպես չճնշվեն»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը: