Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵՑ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22.04.2013

Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի առողջապահական ընկերությունների տնօրենների հետ քննարկեց առողջապահական ոլորտի հետ առնչվող մի շարք ընթացիկ հարցեր: Համակարգում նկատված թերացումների կամ բացթողումների մասին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը: Նա նշեց, որ մարզի առողջապահական որոշ ընկերություններում պահվում են վարչատնտեսական ձևական և ուռճացված հաստիքներ, շատ մասնագետ կադրեր համատեղության կարգով զբաղեցնում են օրենքի պահանջներին ոչ համապատասխան հաստիքներ: Կան մասնագետներ, ովքեր գործունեություն իրականացնում են մի քանի բուժհաստատություններում կամ նույն հաստատության ներսում՝ առանց մարզպետի հետ համաձայնեցնելու: Ընդ որում, համատեղությամբ 1-ից ավելի հաստիքներ զբաղեցրել են ոչ միայն բժիշկ մասնագետները այլ նաև ֆինանսիստները, հաշվապահական հաշվառում իրականացնող անձինք: Չնայած օրենքով սահմանված կարգով հումանիտար դեղերի բաշխման գործընթացի կազմակերպմանը և մարզպետարանի կողմից սահմանված վերահսկողությանը՝ բնակչության շրջանում այս ուղղությամբ բարձրացվում են որոշակի դժգոհություններ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի առողջապահական ընկերությունների տնօրեններին հանձնարարեց 1 ամսյա ժամկետում շտկել նկատված թերություններն ու բացթողումները, իսկ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչությանը՝ շարունակել ուսումնասիրությունները և վերահսկել հանձնարարությունների կատարման ընթացքը: