Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

15.04.2013

 

 Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզային խորհրդի 2013թվականի առաջին նիստը: Այն վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրակարգում  ընդգրկված էին գարնանացանի կազմակերպման եւ համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող հարցեր: 
Գարնանացանի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գարնանացանը սկսվել է մարզի ցածրադիր գոտիների համայնքերում, իսկ բարձրադիր գոտիներում այն սկսելու համար արդեն տարվում են  նախապատրաստական աշխատանքներ:  Ըստ զեկուցողի` ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է 4 միլիոն 98 հազար 500 լիտր սուբսիդավորված դիզվառելիք, 3500 տոննա ազոտական պարարտանյութ, 100 տոննա  գարու, 150 տոննա կորնգանի եւ 6 տոննա  առվույտի սերմ: Դրանց բաշխումը կատարվում է համայնքների ներկայացրած պահանջագրերի հիման վրա, եւ կանխատեսվում է, որ գարնանացանի գերակշիռ մասը կկազմեն գարու, որոշակի մասը` բազմամյա խոտաբույսերի ցանքերը: Դրանով կլրացվի նախորդ տարում երաշտի հետեւանքով պակաս կատարված աշնանացանը:
Վարչության պետը իր խոսքում նշեց նաև, որ  եղած տեխնիկական միջոցները բավարար են գարնանացանն ավարտին հասցնելու համար: Գյուղացիական տնտեսություններին լուրջ օժանդակություն պետք է համարել տրամադրվող գյուղատնտեսական վարկերը, որոնք տրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:
Գարնանացանի արդյունավետ կազմակերպման համար լուրջ խոչընդոտ է մնում այն, որ  մոտ 30 հազար տոննա պարենային կարտոֆիլ դեռեւս մնում է չիրացված, եւ միջոցների սղությունը հնարավորություն չի տալիս տնտեսություններին` գարնանացանի ծախսերը լրիվ հոգալու համար: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքը  մարզպետարանի աջակցությամբ այս օրերին «Սպայկա» կազմակերպությունն արդեն 700 տոննա կարտոֆիլի մթերում է իրականացրել մարզի համայնքերում, որը շարունակվում է: Գյուղվարչության պետը համայնքի ղեկավարներին հորդորեց տեղերում կազմակերպել կարտոֆիլի ցանքերի փոխարինումը  ոլոռի, հատիկավոր այլ մշակաբույսերի ցանքերով, որպեսզի հերթական տարում նոր գերարտադրություն չառաջանա: Հովհաննիսյանը տեղեկացրեց  նաեւ, որ մարզ է ներկրվել սիբիրախտ հիվանդության դեմ բավարար քանակի պատվաստանյութ, ուստի համայնքի ղեկավարները պետք է ժամանակին կազմակերպեն անասնագլխաքանակի պատվաստումը:
Սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 85,1 տոկոս, ինչը 62 միլիոն դրամով կամ 20,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքից: Ըստ զեկուցողի` սեփական եկամուտները համայնքներում շարունակում են հավաքագրվել անհամամասնորեն. կան համայնքեր, որոնք գրանցում են 150-200 եւ ավելի բարձր տոկոսանոց արդյունք, եւ կան համայնքեր, որ գրանցում են 10-ից 40 տոկոսանոց արդյունք:
Դեռեւս ցածր է մնում եկամուտների հավաքագրումը հողի հարկի գծով, ի տարբերություն գույքահարկի, ուր առկա է կատարողական բարձր ցուցանիշ:
Հանդես գալով հայտարարությամբ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը հորդորեց համայնքի ղեկավարներին` տեղերում ապահովել ՀՀ Նախագահի հովանու ներքո կազմակերպվող ամենամյա «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարում համապատասխան ընտանիքների ընտրությունը եւ մասնակցությունը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները` Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այսօր ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական բոլոր աշխատանքներում պատրաստ է աջակցել գյուղացիներին, ուստի համայնքների ղեկավարների հիմնական անելիքն է մարզպետարան ներկայացնել տեղերում առաջացած խնդիրները, աջակցության հետ կապված ամենատարբեր հարցերը, որոնք ոչ մի դեպքում անարձագանք չեն մնա: Իսկ սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացող համայնքների ղեկավարներին մարզպետը հորդորեց  առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում շտկել իրավիճակը եւ եկամուտները հավաքագրել ամբողջությամբ, որը հնարավորություն կտա համայնքներում իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:25:48