Նորություններ
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԳԱՎԱՌ
08.04.2013

Ապրիլի 6-ը Սուրբ Հովհաննես Կարապետի գլխատման հիշատակի օրն է: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայոց Վեհափառի հատուկ թույլտվությամբ Գավառ էին բերվել Սուրբ Հովհաննու Մկրտչի մասունքները` պարփակված Սուրբ Խաչի մեջ: Առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցուց հոգևորականները և հավատացյալները երթով քայլեցին դեպի Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ և մատուցվեց Սուրբ պատարագ` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովվհաննիսյանի:
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին Աստվածաշնչում ասվում է, որ նա Տիրոջ հրամանով եկավ Հորդանանի կողմերը քարոզելու, որպեսզի ապաշխարեն և մկրտվեն: Ժողովուրդը մտածում էր, որ նա էր Քրիստոսը, բայց Հովհաննեսն ասաց.ՙԵս ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձանից ավելի զորավորը, որի կոշիկները հանելու արժանի չեմ ես: Նա ձեզ կմկրտի Սուրբ հոգով և հրով՚: Այդ օրերին Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ Հովհաննեսի կողմից մկրտվելու: Հովհաննեսն ընդդիմացավ նրան և ասաց.ՙԻնձ պետք է, որ քեզնից մկրտվեմ՚, Հիսուս նրան ասաց. ՙԹույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարաությաուն՚: Եվ Հովհաննեսը մկրտում է Փրկչին: Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսը կնության էր առել իր եղբոր կնոջը` Հերովդիադային, իսկ Հովհաննես Մկրտիչը նրան հանդիմանել էր ու այդ պատճառով բանտարկվել նրա կողմից: Հերովդեսն ուզում էր սպանել Մկրտչին, բայց վախենում էր ժողովրդից քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում: Շուտով մոտեցավ Հերովդեսի ծննդյան օրը: Հերովդիադայի դուստրը` Սողոմեն պարեց նրա համար և չորրորդապետը հրավիրյալների առաջ խոստացավ կատարել նրա սրտի ուզածը: Աղջիկը, նախօրոք խրատված լինելով մոր կողմից, պահանջեց Հովհաննես Մկրտչի գլուխը: Հերովդեսը գլխատել տվեց Հովհաննես Մկրտչին և սկուտեղի վրա աղջկան մատուցեց Սուրբի գլուխը: Սուրբ Հովհաննես Կարապետի աշակերտները վերցրին նրա մարմինը և թաղեցին: Հետագա դարերի ընթացքում Սուրբի նշխարները հանվեցին գերեզմանից և բաժանվեցին ողջ քրիստոնյա եկեղեցիների միջև:
Հիշատակի այս տոնին Գավառի Սուրբ Կարապետ անունը կրող վերակառուցված եկեղեցում ազգաբնակչությանը համախմբել էր հավատի ուժն ու Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքները համբուրելու և դրանց իրեց խոնարհումը բերելու կամքը: Սուրբ Հովհաննես Կարապետի մասին քրիստոնյա ժողովուրդը ավանդապատումներ է հյուսել, երգեր ու քառյակներ նվիրել: