Նորություններ
ՌՈԲԵՐՏ ԲՐԻՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
22.03.2013

Ամերիկացի ֆոտոնկարիչ եւ լրագրող Ռոբերտ Բրինը վերջին մի քանի տարիներին հաճախակի է լինում Հայաստանի եւ Արցախի բազմաթիվ բնակավայրերում, սակայն առավելապես նա կապվել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչության եւ դպրոցականների հետ: Տեւական շփումների եւ յուրահատուկ մտերմության արդյունքում Ռոբերտ Բրինի հովանավորությամբ ու խմբագրությամբ հայերենով եւ անգլերենով ԱՄՆ-ում հրատարակվել եւ տարածվել է «Կարմիրգյուղ,, 24 էջանոց ժողովածուն , որը կրում է «Ես սիրում եմ իմ գյուղը,, խորագիրը: Ժողովածոի մեջ տեղ են գտել Կարմիրգյուղի թիվ 1 եւ 2 միջնակարգ, նաեւ արվստի դպրոցի 9-17 տարեկան 44 աշակերտների բանաստեղծությունները, պատմվածքները, գեղանկարները, գծանկարները եւ ֆոտոնկարները: Ժողովածուն տպագրվել է գունավոր, 600 օրինակով, բացառապես հեղինակի ծախսերով: Սա հեղինակի երկրորդ նմանատիպ ժողովածուն է, որը հաջորդում է 2012 թ. հրատարակած «Կարմիրգյուղՙՙ ժողովածուին: Գրական ստեղծագործությունների խմբագիրն Արեւիկ Նավոյանն է, գեղարվեստական խմբագիրը` Մերի Նավոյանը, թարգմանիչ-խմբագիրը` Անի Հունանյանը: Նրանք Կարմիրգյուղի տարբեր տարիքի դպրոցականներ են, որոնց առանձնապես ոգեշնչում ու խրախուսում է ամերիկացի լրագրողն ու լուսանկարիչը: « Գիրքը ստեղծելու, տպագրելու եւ տարածելու միակ շահս իմ բարի զգացումներն են այս բացառիկ երեխաների հանդեպ: Նրանցից մեկը լավ գրում է, մյուսը` լավ նկարում, հաջորդը` լավ լուսանկարում: Մարիամի բոլոր գրածները բառ առ բառ դիպչում են իմ սրտին: Նրանք բոլորն են տաղանդավոր: Ու ես չեմ կարողանում բացատրել ու հասկանալ, թե ինչու եմ նրանց շատ սիրում, միշտ ցանկանում գտնվել նրանց կողքին, խանդավառել ու քաջալերել նրանց: Հրատարակած երկու ժողովածուներին ծանոթանալով` ամերիկացի դպրոցականները պարզապես հիացել են, որ հայ աշակերտները կարող են նման գեղարվեստական արժեքներ ստեղծելՙՙ պատմում է Ռոբերտ Բրինը: Այս ամռանը Ռոբերտը ծրագրել է իր միջոցներով եւ աշակերտների եւ նրանց ծնողների մասնակցությամբ նորոգել Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի միջանցքներից մեկը, այն դարձնել ցուցասրահ եւ բացել իրեն արդեն հարազատ բոլոր ստեղծագործող երեխաների նկարչական ցուցահանդես: «Ինձ համար հիմա ամենաբարձր արժեքն այս երեխաներն են ու նրանց ժպիտը: Նրանց հետ շատ երջանիկ եմ, այնքան երջանիկ, որ չնայած իմ հիսուն եւ ավելի տարիներին, ինձ թույլ եմ տալիս նրանց հետ խաղալ բոլոր մանկական խաղերը: Բոլոր երեխաները` մեծից փոքր, ինձ հրավիրում են խաղի, եւ ես ոչ մեկին չեմ մերժում: Արդեն սովորել եմ ձեր ազգային խաղերի մեծ մասը, բայց առավել վարժ ու սիրով «Հիլուր,, եմ խաղում,- եզրափակեց Ռոբերտ Բրինը: Կարմիրգյուղի մոտ 6 հազարանոց համայնքում, ինչպես նշում են գյուղապետարանի աշխատակազմում, նրան ճանաչում, սիրում ու հյուընկալում են համարյա բոլոր ընտանիքները: Բրինի մասնակցությամբ են անցնում շատ խնջույքներ ու հարսանիքներ. Կարմիրգյուղը նրան արդեն համարում է իր իսկական եւ հարազատ բնակիչը:
«Կարմիրգյուղ,, ժողովածուի 3-րդ համարը Ռոբերտի հովանավորությամբ եւ խմբագրությամբ լույս կտեսնի 2014 թվականին: