Տպել
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
06.03.2013

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում այս տարվա հունվար ամսից արդեն շահագործվում են կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանները, որտեղ բացվել է 17 հիմնական աշխատատեղ: համակարգը սպասարկում է ,, Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ն: Այստեղ տեղադրված են գերմանական ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ կեղտաջրերը մեխանիկական զտման են ենթարկվում մի քանի փուլերով: Կայաններում ստեղծված են պայմաններ ՝ մաքրելու, զտելու կոշտ նյութերը, առանձնացնելու տիղմը և յուղային մասը: Իսկ նրանց կից լաբորատորիաներում հնարավոր է լինում հաճախակի կատարել կեղտաջրերի հետազոտություն, շրջակա միջավայրը զերծ պահելու հնարավոր վտանգներից: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը բավարար ու արդյունավետ գնահատեց այս քաղաքների կոյուղացման եւ մաքրման կայանների գործարկման ծրագրի առաջին փուլը, որի շնորհիվ կրճատվում է լիճ տարվա մեջ 70-100 տոննա տիղմի և թափոնների հոսքը: Փոխվարչապետը հավաստեց, որ այս ծրագիրը պետք է ունենա նաև շարունակություն և երկրորդ փուլ, որով Սևանա լիճ թափվող կեղտաջրերը կենթարկվեն նաև կենսաբանական մաքրման: Մաքրման կայանների շինարարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թվականից՝ եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ: Յուրաքանչյուր կայանի կառուցման համար ծախսվել է մոտ 4 մլն եվրո: Այս ծրագրի շրջանակներում Սևան, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցվել կամ նորացվել է 52 կիլոմետր երկարության կոյուղագիծ, որն ամբողջությամբ միացվել է մեխանիկական եղանակով աշխատող մաքրման կայաններին: Գավառ քաղաքի մաքրման կայանի հզորությունը օրական կազմում է 19 հազար, իսկ Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանների օրական հզորությունը՝ մինչև 9500 խմ կեղտաջուր: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաեւ մարզի համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված հարցեր: