Տպել
Նորություններ
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
28.02.2013

Փետրվարի 23-ից մեկնարկեց Գեղարքունիքի մարզի 2012-2013 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադայի անցկացման համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013թ փետրվարի 15-ի N 23Ա որոշմամբ հաստատվել է մարզային փուլի անցկացման կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների կազմերը և իրազեկվել բոլոր հանրակրթական դպրոցներին: Այն անցկացվում է Գավառի և Սևանի թիվ 1 հիմնական, Մարտունու թիվ 3 և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցներում: Այս փուլին մասնակցում են մարզի բոլոր տարածքների հանրակրթական դպրոցների մոտ 320՝ 5-12-րդ դասարանների աշակերտներ, ովքեր հաղթող են ճանաչվել օլիմպիադայի տարածքային փուլում: Օլիմպիադայի ընթացքում դպրոցականները իրենց գիտելիքները կփորձեն մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, պատմություն, քիմիա, հայ գրականություն, աշխարհագրություն, օտար լեզու, ինֆորմատիկա, կենսաբանություն, աստղագիտություն, ռուսաց լեզու, հայոց եկեղեցու պատմություն և նախնական ռազմական պատրաստություն առարկաներից: Օլիմպիադայի մարզային փուլը կեզրափակվի մարտի 14-ին: Հաղթող ճանաչված դպրոցականները կմասնակցեն մայրաքաղաքում կայանալիք առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: