Տպել
Նորություններ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
14.02.2013

Փետրվարի 13-ին Հանրապետության նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այցելեց Գեղարքունիքի մարզ, հանդիպումներ ունեցավ Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածքների բնակչության հետ: Դիմելով վարդենիսցիներին, նախագահի թեկնածուն համոզված փաստեց, որ ապահով Հայաստան տանող միակ ճանապարհը պետք է անցնել միասնական աշխատանքով, արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր քաղաքացու համար: Միգուցե մեզ համար ոչ ցանկալի արագությամբ, բայց առաջ ենք շարժվում, իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը: Այդ առաջընթացի համար թեկնածուն կարևորեց տարածքներում նախկինում մրցունակ հիմնարկ ձեռնարկությունների գործունեության վերականգնումը, որոնք մրցունակ կարող են լինել և այսօր, դրանց կողքին խրախուսելով նաև նոր ձեռնարկությունների հիմնումը, որոնք ասպարեզ կբացեն մեր երկրի աշխատունակ գյուղացու և գործարար միջավայրի բարելավման համար: Հայաստանը ապրում ու զարգանում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ քաղաքացին իրավունք չունի իրեն թույլ տալ անպատասխանատվություն, արկածախնդրություն և չհիմնավորված ռիսկեր, նշեց Սերժ Սարգսյանը մարտունեցիների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Ամեն ինչ խելացի կազմակերպելու և ցանկալի արդյունք ապահովելու համար նախագահի թեկնածուն հորդորեց ցուցաբերել փոխադարձ վստահություն և համախմբվածություն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ներառված են նաև մարզի քաղաքային և գյուղական համայնքների հիմնախնդիրները ըստ ոլորտների: Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Մեծ Հայրենականում զոհվածների հուշարձանին, այնուհետև հարգելով օրվա եկեղեցական խորհորդը՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում նա շնորհավորեց նորապսակ զույգերին՝ նրանց հանձնելով նվերներ: Ներկաներին շնորհավորելով տյառնընդառաջի տոնի առթիվ, Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ ի դեմս գավառցի երիտասարդների, հայ պատանիներն ու աղջիկները փետրվարի 18-ին իրենց գրչի մի հարվածով կկայացնեն մեր երկրի համար շատ կարևոր ու խելացի որոշում, որը ցույց կտա թե ուր է շարժվելու Հայաստանը այդ պահից սկսած: Դիմելով ներկաներին նախագահի թեկնածուն թվարկեց երկրի ճակատագիրը որոշող մի շարք կարևորագույն հարցեր,որոնք ներառված են իր նախընտրական ծրագրում և որոնց կցանկանար որպեսզի պատասխան տար յուրաքանչյուր ոք՝ ընտրություն կատարելուց առաջ: Հրաժեշտից առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց Գավառի կենտրոնական հրապարակում տյառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպված միջոցամանը: