Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՊԱՀՈՎՎԱԾ ԳՅՈՒՂ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

11.02.2013

ՀՀ Նախագահ, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում եւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սերժ Սարգսյանը Եղվարդում արտագաղթը համարել է մեր ընդհանուր ցավը եւ խոստացել` այն կանխելու համար  լուծում գտնել: Նկատի ունենալով, որ արտագաղթի խնդիրը ոչ պակաս սրությամբ է դրված նաեւ գեղարքունիքի մարզում, մեջբերում ենք ՀՀ Նախագահի խոսքն ամբողջությամբ: ՙՄենք կառուցում ենք ապահով տուն մեր զավակների համար, որ նրանք չբռնեն օտարության ճամփան: Մենք կառուցում ենք ապահով հայրենական տուն, որ գնացածները վերադառնալու տեղ եւ ցանկություն ունենան: Ապահով հայրենի տուն, որտեղ մարդը լիարժեքորեն կարողանա վայելել հարազատ միջավայրում ապրելու եւ արարելու երջանկությունը: Այս օրերին ես շատ համայնքներում եմ լինում՝ գյուղերում ու քաղաքներում: Ամեն անգամ մեր բնակավայրերով անցնելուց հետո երկու զգացում եմ ունենում. հպարտության եւ խորը տխրության: Մեր գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տների դարպասների վրա հաճախ հանդիպող մեծ ու ժանգոտած՝ գոցված փականներն ամենածանր տպավորությունն են թողնում: Անկեղծ ասեմ՝ դատարկվող գյուղի այդ պատկերը միակ բանն է, որ ինձ կարող է հունից հանել: Անասելի դժվար է հիշել մեր ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի անվտանգության համար ու սառնասիրտ նայել այդ դատարկվող գյուղերին: Շատ դժվար է: Բայց, բոլոր դեպքերում, դա էլ մեր պրոբլեմն է, մեր ցավն է, եւ մենք պետք է կարողանանք այստեղ էլ լուծում գտնել: Նման գյուղերում ես մի այսպիսի պայմանավորվածություն եմ առաջարկում առաջին հերթին տարեց մարդկանց. ասում եմ՝ մենք խոստանում ենք ամեն ինչ անել, որ գյուղում կյանքը լինի ավելի հեշտ, ավելի լավ, իսկ իրենք, որպեսզի պարտավորվեն նախ այստեղ մնացած իրենց զավակներին համոզել, որ ուրիշ տեղ բախտ փնտրելն այդքան էլ լավ չի եւ միշտ չէ, որ հաջողություն է բերում, եւ մյուս կողմից՝ կանչեն իրենց հարազատներին, բարեկամներին, որպեսզի մեր Հայրենիքի հզորության համար աշխատեն, այլ ոչ թե այլ երկրների՚:
Կոտայքից Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպման  մեկնեց  Սեւան քաղաք: Սեւանցիներին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, մի շարք ուղղություններով վերջին տարիներին իրականացված աշխատանքներն ու խոսեց նաեւ այդ տարածաշրջանի բնակչությանը հետաքրքրող հարցերի մասին: Նա մասնավորապես անդրադարձավ Սեւանա լճի վերականգնման, պահպանման ու զարգացման, ձկնաբուծության այն փորձնական ծրագրին, որը մի քանի օր առաջ մասնագետները Շորժայում ներկայացրել են իրեն՝ հավաստիացնելով, որ բնապահպանական փորձաքննությունը հաջողությամբ անցնելուց հետո իրագործվելու դեպքում, այն մեծ թվով աշխատատեղերի բացման հիմք կդառնա:
-Սիրելի՛ սեւանցիներ, դուք վկան եք այն արդյունքների, որոնք մենք գրանցել ենք Սեւանա լճին առնչվող մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածում է, որ Սեւանի եւ նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն: Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կապված է բազմաթիվ ոլորտների հետ` բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ձկնարդյունաբերության, խմելու ջրի եւ այլն: Մենք շարունակելու ենք Սեւանի ջրի մակարդակը բարձրացնելու քաղաքականությունը:
Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններ ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողների հետ կհանդիպի փետրվարի 13-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55