Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.01.2013

Հարգելի հայրենակիցներ
Իր ազատության եւ անկախության համար դարերով մաքառող հայ ժողովուրդը 21 տարի առաջ կյանքի ու արյան գնով երկնեց Հայոց հաղթական բանակը, որը հասակ առավ ու զորացավ  Արցախյան ազատամարտի բոցերում, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերում, հազարավոր հայ քաջորդիների հերոսական ու աննկուն կամքի շնորհիվ: Մեզ նետված սպառնալիքները եւ մարտահրավերները բնաջնջման չափ մահացու ու վտանգավոր էին, պաշտպանվելու հնարավորությունները` սակավ, արտաքին օժանդակությունը` աննշան: Աշխարհավեր երկրաշարժի ու ԽՍՀՄ փլատակների մեջ մնացած հայ ժողովուրդը հարկադրված էր իր մեջ նոր ուժ գտնել`ադրբեջանական ագրեսիան եւ ցեղասպանության հերթական ալիքն ի չիք դարձնելու համար: Մի անկրկնելի հրաշքով բռունցքվեց հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում` դիմագրավելով մինչեւ ատամները զինված եւ մեզ վրա  եկած թշնամական բանակի հեղեղը: Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտական գործողությունները ոչ միայն զարդարեցին մեր պատմության փառահեղ էջերը, այլ նաեւ հանդիսացան Հայոց ռազմական արվեստի հաղթական ու պանծալի բարձունքները: Ադրբեջանին հրադադար ու խաղաղություն պարտադրած բանակն օր օրի ավելի առնականացավ, զորացավ ու զինվեց` իր նվաճած դիրքերի մոտ եւ դիվանագիտական սեղանների շուրջ պահպանելով Հայաստանի ու Արցախի հաղթական ձեռքբերումները: Այսօր էլ նրա  տասնյակ հազարավոր մարտիկները կանգնած են անսասան, վճռական ու անպարտ` Գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ շարքային զինվորը, պատրաստ` հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգության կանխմանը: Նրանք չափազանց թանկ են գնահատում թե հայրենի հողը, թե իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած, իրենց մարտական հերոս ընկերների սխրալից գործերն ու անունները: Այդ բանակը եղել է, կա ու կլինի Հայոց ոգեղեն ուժի մարմնացումը, համազգային իղձերի ու նպատակների, մեր կորուսյալ հայրենիքի վերանվաճման գլխավոր  զենքը, Մոնթե Մելքոնյանի, Աշոտ Ղուլյանի, Արթուր Մկրտչյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Նորայր Դանիելյանի, հազարավոր հերոս նահատակների գործի արժանի շարունակողը: Այդ բանակը մեր ծոցից ծնած, մեր ձեռքերով փայփայած, մեր սնած ու դաստիարակած առնական զավակն է, Հայոց խաղաղ արշալույսները պաշտպանող, Հայոց ինքնությունը պահպանող, յուրաքանչյուր հայի սրտի սիրելի զավակը: Նրա առած ապագա հասակի հետ էլ Մայր Հայաստանին կմիավորվեն մեր կորսված հայրենիքի հատվածները, կիրականանան համահայկական բոլոր նպատակներն ու ցանկությունները:
Հարգելի հայրենակիցներ,  սպաներ եւ զինվորներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, երջանկություն եւ անսպառ կամք ու կորով հայրենիքի պաշտպանության վեհ գործում: Թող ձեր հաղթական բազկի եւ անընկճելի ոգու շնորհիվ մեզ վրա միշտ ծագի հաղթանակի եւ խաղաղության բաղձալի արեւը:

Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյան   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59