Նորություններ
ՔԱՄՈՒՑ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
21.01.2013

ՈՒժեղ քամիները մարզում հաճախակի ընդմիջումներով շարունակվել են հունվարի 20-ի ցերեկվա եւ հունվարի 21-ի գիշերվա ընթացքում` դժվարություններ ստեղծելով ինչպես ճանապարհային երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման համար: Սաստիկ բքերի պատճառով նշված ժամանակահատվածում ոչ միայն փակ են մնացել Սելիմի լեռնանցքը եւ Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհը, չնայած նրան, որ ճանապարհաշինարարները այդ ուղղություններում բազմիցս մաքրել են ձյան կուտակումները, այլ նաեւ դժվարանցանելի վիճակ է առաջացել Վարդենիսի տարածքի միջհամայնքային ճանապարհներին: Հունվարի 21-ի ժամը 11-ի դրությամբ` «Կապավոր,, ՍՊԸ ճանապարհաշինարարները ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ են իրականացնում Վարդենիս-Այրք, Շատվան-Նորաբակ, Ծովակ-Ախպրաձոր , «Շանթ-Սեյրան,, ՍՊԸ ճանապարհաշինարարները` Մադինա-Վերին Գետաշեն ուղղություններում եւ Սելիմի լեռնանցքում: Դժվարանցանելի վիճակ է նաեւ Ճամբարակի լեռնանցքում եւ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհին, որտեղ դարձյալ իրականացվում են մաքրման աշխատանքներ: Անցած երկու օրերի ընթացքում էներգամատակարարումը մի քանի ժամով խափանվել է մարզի տարբեր համայնքներում: Վթարները վերականգնելու համար էներգետիկները գործել են արտակարգ ռեժիմով: Քամիներն առանձին համայնքներում պոկել են տանիքներ, գովազդային պաստառներ, ջրահեռացման խողովակներ, պատշգամբների վանդակաճաղեր:
Հունվարի 21-ի առավոտյան կողմ դադարած բուքը ճանապարհաշինարարներին հանգիստ աշխատելու հնարավորություն է տվել: