Տպել
Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
28.12.2012

Հարգելի հայրենակիցներ
Հայաստանն ու Արցախը պատմության գիրկը ճանապարհեցին եւս մեկ խաղաղ ու ստեղծագործ տարի, որի ընթացքում ավելի ամրապնդվեց հայկական երկու պետությունների պաշտպանունակությունը, բարձրացավ նրանց միջազգային դերն ու կշիռը, նկատելի քայլեր կատարվեցին համահայկական իղձերի եւ նպատակների իրականացման եւ համազգային միասնության ընդլայնման ճանապարհին:
Դրական տեղաշարժեր արձանագրվեցին տնտեսության տարբեր ոլորտներում, կրթության, գիտության, մշակույթի եւ մարզական բնագավառներում:
Այդ հաջողությունների եւ ձեռքբերումների մեջ իր ներդրումն ունեցավ նաեւ Գեղարքունիքի մարզը,որի զավակներն անդուլ աշխատանքով շենացրին ու զորացրին իրենց հայրենի աշխարհը, մասնակցեցին մեր երկրի սահմանների պաշտպանությանը, հանրային խնդիրների լուծմանը, կյանքի որակի բարձրացմանը,
կենսապայմանների բարելավմանն ու առաջընթացին:
Անցնող տարին հիմնականում բարենպաստ էր գյուղատնտեսության համար: 2012 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններում արտադրվեց 300 հազար տոննա կարտոֆիլ, 121 հազար 100 տոննա հացահատիկ, 61 հազար տոննա բանջարեղեն, 25 հազար 200 տոննա պտուղ,700 տոննա մեղր, 22 հազար տոննա միս, 115 հազար տոննա կաթ, կուտակվեց 422 հազար տոննա անասնակեր, կատարվեց 16 հազար հեկտար աշնանացան:
Անցնող տարին մարզում ՀՀ կառավարության կողմից կատարված մեծածավալ ներդրումների հաշվին նշանավորվեց սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ: ՀՀ պետբյուջեից տրամադրված 948,3 միլիոն դրամի հաշվին մարզի 19 հանրակրթական հաստատություններում եւ Գավառի գյուղատնտեսական քոլեջում շարունակվեցին շենքերի հիմնանորոգման, Վաղաշենի միջնակարգ դպրոցում` կառուցման աշխատանքները: ՀՀ կառավարության տարբեր որոշումներով մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար հատկացվեց շուրջ 3 միլիարդ դրամ: Տրամադրված միջոցներով կառուցվեցին կամ հիմնանորոգվեցին 11 ջրագիծ, 16 մշակույթի տուն, 6 մանկապարտեզ, 8 հանրակրթական դպրոցի շենք, 2 բազմաբնակարան շենքի տանիք, 4 համայնքներում իրականացվեցին գազաֆիկացման, 8 համայնքներում` ասֆալտապատման աշխատանքներ:
Մարզի ճանապարհաշինությանը ՀՀ կառավարության կողմից հատկացվեց 2,4 միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հաջողվեց հիմնանորոգել մարզային կամ ներհամայնքային նշանակության մոտ 23 կիլոմետր ճանապարհներ, որոնք այժմ ծառայում ու սպասարկում են 14 համայնքների:
Մեր մարզում առանց քաղաքական ցնցումների, լուրջ միջադեպերի եւ բարձր մակարդակով անցկացվեցին ՀՀ Ազգային Ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` արժանանալով օտարերկրյա դիտորդների եւ քաղաքական գործիչների բավարար գնահատականներին:
Գալիք տարում պետական միջոցներով սպասվում են հերթական ներդրումները, որոնցով նոր թափ կառնեն մարզի, դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, այլ ոլորտներ:
Հայրենակիցնե’ր,
Ամեն տարեմուտ իր հետ բերում է նոր հույսեր, վառ երազանքներ ու բարի ցանկություններ, որոնք մղում են անհատին ստեղծագործ ու անդուլ աշխատանքի, որոնումների, ձգտումների: Դրանց է սպասում եւ հայկական բովանդակ աշխարհը` Հայոց հայրենիքը բարձրացնելու, միավորելու, հզորացնելու եւ առաջ մղելու ճանապարհին: Այդ հավատի ուժով ու ջերմեռանդությամբ էլ ուզում եմ շնորհավորել համայն հայության Նոր տարին Հայաստանում, Արցախում, աշխարհի ամեն մի անկյունում ու հատկապես Սիրիայում, ուր ահագնացող պատերազմը խաթարում է մեր արյունակիցների կյանքն ու անդորրը, ցանկանալ նրանց խաղաղ երկինք, հզոր ու անպարտ Հայաստան, առողջություն, հաջողություն եւ անսպառ երջանկություն, միշտ արարչագործությամբ շնչող հայրենիք:
Եղեք միշտ միաբան ու միակամ, հայրենքի ճակատագրով մտահոգ եւ նրա հանդեպ մեծագույն սիրով ու հավատով լեցուն:
Լավագույն ցանկություններով`
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան