Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

26.12.2012

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հրավիրեց իր պաշտոնավարման կես տարվա ընթացքում առաջին մամուլի ասուլիսը մարզի տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով տարվա ընթացքում մարզում արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները` մարզպետը միաժամանակ թվարկեց այն առաջնահերթ անելիքները, որոնք նոր թափ կհաղորդեն մարզի տնտեսության աշխուժացմանը, կյանքի որակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը:
-Գեղարքունիքի մարզում առաջնահերթ խնդիրը գալիք տարվա ընթացքում աշխատատեղերի ստեղծումն է, ինչի ուղղությամբ արդեն արվում են առաջին գործնական քայլերը գերմանական եւ չինական ընկերությունների հետ: Քաղաքային համայնքներում կարի ֆաբրիկաների գործարկմամբ եւ գետնախնձորի մշակմամբ ու նրա հումքից ստացվող եւ համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող ինուլինի, ֆրուկտոզայի եւ բիոէթանոլի արտադրության կազմակեպմամբ մարզում կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր, որոնք կնվազեցնեն արտագնա աշխատանքի մեկնողների քանակը,- տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի համար մարզպետը հաջող տնտեսական տարի որակեց 2012 թվականը` առանձնացնելով գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ ճանապարհաշինության ոլորտները: Գեղարքունիքի զբոսաշրջության զարգացման եւ տնտեսական կապերի աշխուժացման համար, ըստ մարզպետի հաջորդ հայտարարության, լուծվել է կարեւորագույն երկու հարց` Շորժա-Վարդենիս եւ Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհների հիմնանորոգման ֆինանսավորման հարցերը:
Տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը Ռաֆիկ Գրիգորյանը համարեց մարզի շատ համայնքներում խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցումը եւ նորացումը, ջրամատակարարման բարելավումը, ինչը մի կողմից հնարավոր է դարձել պետական ներդրումների ավելացման, մյուս կողմից` ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Առանձնակի լուրջ քայլեր են արվել անասնապահության զարգացման ոլորտում մարզի ութ համայնքներում ներդրված ՙԳյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի՚ շրջանակներում:
 -Այդ ձեռքբերումները պահպանելու եւ զարգացնելու համար հարկավոր է աչքաթող չանել անասնաբուժության ոլորտը եւ ամեն գնով չունենալ նոր անասնահամաճարակներ, ինչ նպատակով էլ մենք առաջարկել ենք համայնքի ղեկավարներին` եկող տարվա սկզբից տեղական բյուջեների հաշվին ունենալ հաստիքային անասնաբույժներ,-շեշտեց մարզպետը:
Քաղաքաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, որոնք կատարվել են մարզի գրեթե բոլոր համայնքերում ՀՀ կառավարության որոշումներով հատկացված մոտ 3 միլիարդ դրամի հաշվին, եկող տարվա ընթացքում կգումարվեն նաեւ նոր մեծածավալ ներդրումները` նոր թափ հաղորդելով կենսական կարեւորություն եւ առաջնահերթություն ներկայացնող խնդիրների լուծմանը:
Մարզպետը հաջող համարեց նաեւ քաղաքական տարին, գտնելով, որ ՀՀ ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունները մարզում անցել են բարձր մակարդակով, առանց խախտումների եւ լուրջ միջադեպերի:
Ապա Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մարզի զբոսաշրջության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների թափանցիկության եւ հրապարակայնության ապահովման եւ մի շարք այլ ոլորտների:
Շնորհավորելով մարզում գործող  զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների եւ լրագրողների նոր տարին` մարզպետը խոստացավ եկող տարվա ընթացքում երկու ամիսը մեկ պարտադիր դարձնել մարզի լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսների հրավիրումը, բոլոր համայնքներում նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների հրապարակայնության եւ թափանցիկության ապահովմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 20:01:15