Նորություններ
,, ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ,,
24.12.2012

Գավառի պետական համալսարանի բակում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացման արարողությունը, որը նվիրված էր նրա ծննդյան 85-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, բուհերի ռեկտորներ, դասախոսներ, մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր տարբեր ոլորտներից: Բացման արարողությանը հաջորդեց հիշատակի կարգը, որը մատուցվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: Կանգնեցված կիսանդրին ինչպես նշեցին ելույթ ունեցողները հիշեցում է մարդկային առաքինության, մասնագիտական պատվախնդրության մասին:
Արհեստավորի ընտանիքում ծնված Հրանտ Հակոբյանը գերազանց առաջադիմությամբ և մարդկային անգնահատելի արժանիքներով հանդերձ սովորել և ավարտել է մայրաքաղաքի մի շարք բուհերի բանասիրական, պատմության, փիլիսոփայության ֆակուլտետները, պաշտպանել ատենախոսություն, եղել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դոցենտ, ամբիոնի վարիչի տեղակալ: Իսկ 1985 թվականին ընտրվել ԵՊՀ աթեիզմի տեսության և պատմության միջբուհական ամբիոնի վարիչ՝ սիրված ու հարգված լինելով բոլորի կողմից: Հրանտ Հակոբյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ Մայր բուհում սկսում են դասավանդել ,,Կրոնների պատմություն և տեսություն,, առարկան, ինչը բացառիկ խիզախ քայլ էր այդ տարիներին: Իսկ որոշ ժամանակ անց այդ նորարարությունը տարածում է գտնում նաև մյուս բուհերում: Ունենալով սերտ կապեր իր ծննդավայրի հետ՝ 1993 թվականին նրա նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, իսկ Հրանտ Հակոբյանը իր մանկավարժական և կազմակերպչական ողջ փորձ ու գիտելիքները ներդրեց համալսարանի կայացման գործում: Երկարամյա արդյունավետ և բարեխիղժ աշխատանքի համար պրոֆեսոր Հակոբյանը արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի և մեդալների: Հրանտ Հակոբյանի գիտամանկավարժական գործունեության միջազգային հավաստումն է նաև այն, որ նա Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է 21-րդ դարի նշանավոր մտավորականներից մեկը: Նրա ընկերներն ու հարազատները անսահման հուզմունքով են խոսում մանկավարժի վաստակի մասին: Հրանտ Հակոբյանը հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների: Հոբելյանի առթիվ Գավառի փողոցներից մեկը այսօր անվանակոչվեց Հրանտ Հակոբյանի անունով: Միջոցառման մասնակիցները Գավառի համալսարանում միջոցառման մասնակիցները դիտեցին նաև Հրանտ հակոբյանի կյանքին և գործունեությանը նվիրված ,, Հրանտ Հակոբյան՝ հավերժի ճամփորդը,, ֆիլմը: