Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՐԱՆՏԻՆԸ ԿՀԱՆՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

19.12.2012

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ իրականացնող հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը: Իրավիճակի վերաբերյալ զեկուցեցին հանձնաժողովի անդամներ, ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սամվել Ասլանյանը, ՙԱնասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն՚ ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային կայանի Գեղարքունիքի մարզային տեսչության պետ Սաշիկ Գինոյանը: Զեկուցումների արդյունքների հիման վրա էլ հանձնաժովը որոշում կայացրեց`Վարդենիսի տարածաշրջանում դեկտեմբերի 26-ից կարանտինը դադարեցնելու եւ անասունների մորթը եւ կենդանի գլխաքանակի տեղափոխումը թույլատրելու մասին: Ըստ զեկուցագրերի արդյունքների` անասունների անկման վերջին դեպքը գրանցվել է Կարճաղբյուրում, դեկտեմբերի 11-ին, ինչը նշանակում է, որ այստեղ անասունների մորթ կամ կենդանի գլխաքանակի տեղափոխություն կթույլատրվի միայն դեպքից 15 օր անց, եթե այստեղ կենդանիների անկման նոր դեպքեր չգրանցվեն: Մեծ Մասրիկում խոշոր եղջերավոր անասունի անկման վերջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 8-ին, ինչը ենթադրում է այստեղ անասունների մորթը թույլատրել միայն դեկտեմբերի 23-ից:
Նկատի ունենալով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների մոտենալը` հանձնաժողովը որոշեց ավելորդ լարվածություն չստեղծել բնակչության շրջանում եւ դեկտեմբերի 19-ից  Վարդենիսի տարածքի 36 համայնքներից  34-ում թույլատրել անասունների մորթը, ընդ որում հիվանդության բռնկման դեպքեր գրանցած 12 համայնքներում այն պետք է կատարվի հատուկ հանձնաժողովի միջոցով միայն, որում պետք է ընդգրկվեն համայնքի ղեկավարը, ավագանու անդամները եւ գյուղի անասնաբույժը, իսկ մսի վաճառքը կթուլատրվի  միայն տեղում լաբորատոր փորձաքննություն անցկացնելուց հետո: Իսկ մինչեւ դեկտեմբերի 26-ը` կարանտինի ավարտը, կենդանի անասունների դուրսբերումը տարածաշրջանից խստիվ արգելվում է:
 ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սամվել Ասլանյանը  տեղեկացրեց, որ երկու ամիս տեւած կարանտինի ընթացքում իրենց ծառայությանը հաջողվել է կանխել անկած 33 գլուխ խոշորի մորթը, ինչի դեպքում հետեւանքները կարող էին ավելի ծանր լինել: Իսկ անասնաբուժական միջամտության շնորհիվ անասնաբույժները կարողացել են բուժել սիբիրախտով հիվանդ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային կայանի Գեղարքունիքի մարզային տեսչության պետ Սաշիկ Գինոյանն էլ տեղեկացրեց, որ սիբիրյան խոցի կասկածանքով Մարտունու բժշկական կկենտրոնում հոսպիտալացվել է 65 հիվանդ: Նրանցից միայն 9-ի մոտ է հաստատվել հիվանդության թեթեւ` մաշկային տեսակը:ՙ Բարեբախտաբար, ոչ մեկի մոտ թոքաաղիքային տեսակը չի դրսեւորվել, ինչի դեպքում արդեն կարող էր բանը հասնել նաեւ մահվան դեպքերի՚,- նշեց մարզի գլխավոր համաճարակաբանը: 
    
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 20:01:15