Նորություններ
ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՄԱՐԶՈՒՄ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
19.12.2012

ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում կատարված մեծածավալ ներդրումների հաշվին այս տարի իրականացվել են սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր: ՀՀ պետբյուջեից տրամադրված 948,3 միլիոն դրամի հաշվին մարզի 19 հանրակրթական հաստատություններում եւ Գավառի գյուղատնտեսական քոլեջում շարունակվել են շենքերի հիմնանորոգման, իսկ Վաղաշենի միջնակարգ դպրոցում` կառուցման աշխատանքները:
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով` մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար հատկացվել է շուրջ 3 միլիարդ դրամ: Տրամադրված միջոցներով կառուցվել կամ հիմնանորոգվել են 11 ջրագիծ, 16 մշակույթի տուն, վեց մանկապարտեզ, ութ հանրակրթական դպրոցի շենք, երկու բազմաբնակարան շենքի տանիք, չորս համայնքներում իրականացվել են գազիֆիկացման, ութ համայնքներում` ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Մարզի ճանապարհաշինությանը ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 2,4 միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հաջողվել է հիմնանորոգել մարզային կամ ներհամայնքային նշանակության մոտ 23 կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհներ, որոնք այժմ ծառայում ու սպասարկում են 14 համայնքների: