Նորություններ
15-ՐԴ ԴԱՐԻ ԽԱՉՔԱՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ԳԱՎԱՌԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԻՑ
19.12.2012

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Գեղարքունիք-Կոտայք տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանի հաղորդմամբ Գավառի արժեքավոր պատմական հուշարձաններից մեկի՝ 15-րդ դար ժամանակագրվող խաչքարը անհետացել է Գավառի Բերդի գլուխ կոչվող տարածքից:
Պատմական հուշարձանների շարքում գրանցված այս խաչքարի մասին թողնված վերջին տեղեկատվությունը վերաբերում է 1973 թվականին, երբ մի սփյուռքահայ, ում անունը հուշարձանների պահպանության գործակալությունից չհայտնեցին,, լուսանկարել է այդ խաչքարը եւ նկարը հանձնել դեռ այն ժամանակվա պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն: Խաչքարի բացակայությունը նկատել են յոթանասունական թվականների վերջերին, այսինքն՝ վերջինս անհետացել է Խորհրդային տարիներին: Վարչության կողմից տարվել են որոնողական աշխատանքներ, սակայն որեւէ արդյունք չեն տվել: Վերջերս, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Գեղարքունիք-Կոտայք տարածքային բաժնի կողմից կատարվել է արխիվային գույքագրում եւ կրկին Խաչքարի հայտնաբերման անհրաժեշտություն է առաջացել: Տապանաքարի վրա դրված այդ խաչքարի վրա արձանագրություն չի երեւում, իսկ մեր արխիվային փաստաթղթերը վերջինիս մասին լռում են: Հայտնի չէ նաեւ այս խաչքարը կերտող վարպետի անունը:
-Խաչքարի մասին պահպանված ցանկացած տեղեկատվություն մեզ համար թանկ է եւ արժեքավոր: Նույնիսկ հուշերում պատմվող փոքրիկ պատառիկն անգամ, կարող է մեզ օգնել հայտնաբերել այն կամ ամբողջացնել նրա մասին պատմող տեղեկատվությունը, - մեր ազգաբնակչությանն է խնդրանքով դիմում Նորիկ Հազեյանը: