Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

28.11.2012

 

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Վարդենիսի տարածաշրջանում կենդանիների սիբիրախտ հիվանդության կանխարգելման միջոցառումներ իրականացնող հանձնաժողովի հերթական նիստը: Այն  վարեց հանձնաժողովի նախագահ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը: Հանդես գալով պարզաբանմամբ և հաշվետվությամբ՝ հանձնաժողովի անդամ, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության Գեղարքունիքի մարզային տեսչության պետ Սաշիկ Գինոյանը նշեց, որ սիբիրյան խոց հիվանդության նկատվելու օրվանից՝ 2012թ հոկտեմբերի 17-ից,  մինչ այժմ հոսպիտալացվել են 55 կասկածվող հիվանդներ, որոնց մոտ բարեբախտաբար նկատվել է հիվանդության մաշկային ձևը: Նրանք հիմնականում ստացել են համապատասխան բուժում և դուրս են գրվել հիվանդանոցից,  այժմ էլ  գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Սակայն կասկածելի նոր  դեպք է արձանագրվել Ծովինար գյուղում, ինչն արդեն հանձնաժողովին մտահոգում է կարանտինը երկարաձգելու ուղղությամբ: Այս ընթացքում բոլոր հակահամաճարակային միջոցառումները իրականացվել և վերահսկվել են ամենայն պատասխանատվությամբ, ինչի արդյունքում մի կողմից մարդկանց մոտ հիվանդությունները չեն զարգացել ու խորացել, մյուս դեպքում՝ վարակազերծվել են բռնկման օջախները: Հանձնաժողովի անդամ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սամվել Ասլանյանը նշեց, որ կարանտինի հայտարարման պահից մինչ այժմ գրանցվել է 22 գլուխ խոշոր եղջերավոր անասունների անկում, որոնց դիերը և սառնարաններից առգրավված մսեղիքը ոչնչացվել են 7 հատուկ անասնագերեզմանոցներում: Տեսչության կողմից վերահսկողություն է իրականացվում ոչ միայն Վարդենիսի տարածքի շուկաներում և մսի վաճառքի կետերում, այլ նաև Մարտունու մեծածախ շուկայի մսավաճառ կետում և կենդանի անասունների վաճառքի կիրակնօրյա շուկայում, որտեղ առայժմ արգելվում է կենդանի անասունների և մսի վաճառքը: Ըստ տեսչության պետի՝ Ծովակ, Վանևան և Տորֆավան համայնքներում արդեն 26-րդ օրն է, ինչ անասունների անկման դեպքեր չեն եղել, իսկ անասնագլխաքանակը պատվաստում է ստացել ամբողջությամբ: Սակայն նշված համայնքների  հարակից համայնքներում սիբիրյան խոցով կասկածվող անկումներ արձանագրվել են, որոնցից վերջինը՝ նոյեմբերի 19-ին, ինչից հետևում է, որ կարանտինը պետք է պահպանվի մինչև վերջին դեպքից 14 օր հետո: Հարցին, թե ինչու են առաջացել 7 անասնագերեզմանոցներ այլ ոչ թե 1, տեսչության պետը պատասխանեց, որ նպատակահարմար է գտնվել յուրաքանչյուր անկ ունեցած կենդանու մարմինը ոչնչացնել տվյալ համայնքի տարածքում: Հանձնաժողովի անդամ,  ՀՀ ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն   Կորյուն Բարսեղյանը նշեց, որ հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում անասնաբուժական ծառայության կողմից Վարդենիսի տարածքի համայնքներում սիբիրյան խոց հիվանդության դեմ պատվաստվել է մոտ 20 հազար գլուխ խոշոր և մինչև 7 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ, մի քանի հարյուր գլուխ ձիեր և խոզեր: Պատվաստելու համար մնում է ևս 9 հազար գլուխ խոշոր, որոնք թեև չեն գտնվում համաճարակի սպառնալիքի գոտում, սակայն ապահովության համար պետք է պատվաստում ստանան առաջիկայում: Ելնելով անհրաժեշտությունից՝ անասնաբուժական ծառայության պետը առաջարկեց Վարդենիսի տարածքի համայնքներում սիբիրյան խոցի դեմ պատվաստումներ կատարել տարին 2 անգամ: Ծառայության պետը հանձնաժողովի անդամների ուշադրությունը սևեռեց այն խնդրի վրա, որ կարանտինը ենթադրում է անասնագլխաքանակը ամբողջությամբ պահել մսուրի վրա, մինչդեռ Վարդենիսի տարածքի անասնագլխաքանակը մինչ օրս շարունակում է արոտ դուրս գալ : Հանձնաժողովի անդամ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Վարդենիսի տարածքային բաժնի պետ Թաթուլ Դավեյանը նշեց, որ հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել և հաջողվում է կանխել համաճարակի բռնկման քայլերը և հնարավորությունները: Սակայն շատ դեպքերում մարդիկ փորձում են ամենատարբեր ճանապարհներով իրացնել ախտահարված մսեղիքը կամ հիվանդ անասունները՝ չմտածելով հետագա հետևանքների մասին: Նա ևս գտավ, որ որքան էլ խնդիրը նաև սոցիալական կողմ ունի, հարկավոր է երկարաձգել կարանտինը , քանի դեռ համաճարակի հետևանքներն ու հետքերը լիովին չեն վերացել:
Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Մարզպետունի Մանուկյանը մտահոգություն հայտնեց անասնագլխաքանակի հաշվառման շուրջ, փաստելով, որ նույն Վարդենիսի տարածքում 13 հազար գլուխ խոշորի հաշվով հաշվառումից դուրս է մնացել մոտ 12%՝ չստանալով համապատասխան պատվաստումներ: Ինչպես հայտնի է, պետությունը պետպատվեր իրականացնում է միայն հաշվառված անասնագլխաքանակի դեպքում: Իսկ անասնագերեզմանոցների հիմնովին փակման, բետոնապատման և ցանկապատման աշխատանքները կսկսվեն կարանտինի դադարեցումից հետո, նշեց հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի նիստի աշխատանքներից հետո, համաձայն նույն հանձնաժողոում ստացված ահազանգի, պարզ դարձավ, որ անասունների անկման նոր դեպքեր են արձանագրվել Մաքենիս և Ծովինար համայնքներում:        

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06