Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

23.11.2012

Նոյեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը,ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ  Լյովա Խաչատրյանը:
Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց:
Օրակարգային առաջին` սեփական եկամուտների հավաքագրման  աշխատանքների եւ այս տարվա 10 ամիսների ցուցանիշների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 66,4 տոկոս` նախորդ տարվա արդյունքների համեմատ նվազելով 16,4  տոկոսով: Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացող համայնքերի վրա` վարչության պետը հրահանգեց համայնքների ղեկավարներին` մինչեւ դեկտեմբերի 1-ը կատարողականները հասցնել 90 տոկոսի:
Օրակարգային երկրորդ` ՀՀ պետբյուջեից  Գեղարքունիքի մարզում հրատապ լուծում պահանջող ծրագրերի ներդրման եւ իրականացված աշխատանքների հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը:
Նա նշեց, որ 2011-12 թվականներին ՀՀ պետբյուջեից Գեղարքունիքի մարզին հատկացվել է  3 միլիարդ 405 միլիոն դրամ, որով մարզի համայնքերում իրականացվել է կենսական եւ սոցիալ-տնտեսական նշանակության 121 ծրագիր: ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզին հրատապ լուծում պահանջվող ծրագրերի իրականացման համար հատկացվել է եւս 1 միլիարդ 134 միլիոն դրամ: Ծրագրերից կօգտվեն միայն այն համայնքները, որոնք մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 1-ը տեղական բյուջեների սեփական եկամուտները կհավաքագրեն 90 տոկոսով:
Օրակարգային երրորդ` մի շարք ընթացիկ հարցերի մասին զեկուցեց  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա շնորհավորեց վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում ինչպես նորընտիր, այնպես էլ վերընտրված համայնքների ղեկավարներին` մաղթելով նրանց բեղմնավոր աշխատանք եւ հաջողություններ: Զեկուցողը կանգ առավ նաեւ որոշ համայնքերի աշխատակազմերի կատարողական կարգապահության վրա: Ապա մարզպետի անունից վարչության պետն առաջարկեց համայնքերի ղեկավարներին` հարաբերություններ չհաստատել Հուգարիայի Հանրապետության առանձին վարչական միավորների հետ` կապված ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին վերջերս Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու հետ:
Հանդես գալով հայտարարությամբ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նիստի մասնակիցների ուշադրությունը սեւեռեց տարբեր պատճառներով ընդահուր հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին դպրոց վերադարձնելու հարցի վրա: Ըստ նախնական հաշվառման` այժմ մարզի համայնքերում հաշվառվում է հանրակրթությունից դուրս մնացած մոտ 120 երեխա:  Հանդես գալով հայտարարությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը համայնքի բոլոր ղեկավարներին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունից հրահանգեց ` առաջիկայում նախատեսված անասնագլխաքանակի հաշվառման գործընթացի ժամանակ չթաքցնել ոչ մի գլուխ անասուն: Նա համայնքի ղեկավարներին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն անասունների շրջանում կատարվում են հաշվառված անասնագլխաքանակի չափով, եւ համապատասխան պատվաստանյութերի պակասը կապված է միայն եւ միայն անասնագլխաքանակի պակաս հաշվառման հետ:

Ամփոփելով նիստի աշխատանքները`մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզխորհրդի անդամներին հորդորեց մինչեւ տարեվերջ ամբողջությամբ հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները, բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը, շտկել մնացած բացթողումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59