Նորություններ
ԳԱՎԱՌՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ ԵՎ ՎԵՐԱՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ
20.11.2012

106 տարվա լռությունից հետո Սուրբ Կարապետ եկեղեցին իր հյուրընկալ դռները բացեց Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների հավատավոր մարդկանց առջեւ: 1906 թվականին Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունից եւ գործող եկեղեցի դառնալուց հետո Սբ. Կարապետը, որ բայազետցիները Բարսեղ Արծրունի իշխանի հովանավորությամբ կառուցել էին 1848 թվականին, աստիճանաբար լքվում եւ անուշադրության է մատնվում: Ավելին, խորհրդային տարիներին այն, ինչպես եւ Հայաստանի բոլոր եկեղեցիները, ծառայում է որպես սովխոզի հացահատիկի պահեստ: Նորբայազետցիների առաջին հավատո տունը նորոգելու գաղափարի շուրջ Գավառ քաղաքում եւ դրա սահմաններից դուրս ապրող շուրջ 65 համաքաղաքացիների է համախմբում ծնունդով գավառցի Սամվել Սինանյանը: Եվ 2012 թվականի մայիս ամսից էլ սկսվում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Տեղադրվել է նաեւ եկեղեցու զանգակատունը, որը քանդվել եւ անհետացել էր խորհրդային ժամանակներում:
Բազիլիկ ոճի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաօծման արարողությունը նոյեմբերի 17-ին վերաճեց ժողովրդական տոնախմբության: Գավառցիների` հոգեւոր հաստատման կամքի մասին վկայող իրադարձությունը նշանավորվեց նաեւ 25 երեխաների կնունքով: Հաջորդ օրը, ի թիվս Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիների, պատրագ մատուցվեց նաեւ Գավառի Սբ.Կարապետ բազիլիկ եկեղեցում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: