Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՈԹՈՂ

12.11.2012

 Արցախյան ազատամարտում  Մարտունու վարչական շրջանը տվեց ավելի քան  100  զոհ եւ 150 վիրավոր, որից  10 զոհ, 2 անհայտ կորած եւ 30 վիրավոր՝ Մարտունի քաղաքը: Սակայն մինչ օրս Մարտունին չուներ Արցախյան գոյամարտում զոհված մարտունեցիների հիշատակը եւ գոյամարտի խորհուրդը հավերժացնող հուշարձան: Այդ բացը լրացնելու ձեռնարկը սկսվեց այս տարվա ընթացքում, եւ նախաձեռնողը Մարտունի քաղաքի բնակիչ, ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամ Արամայիս Խլղաթյանն էր: Նրա հրավերով Մարտունու քանդակագործության սիմպոզիումին մասնակցեցին ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամներ Ռաֆիկ Սարգսյանը, Արտիկ Քոչարյանը, Սամվել Մարտիրոսյանը, Գարեգին Դավթյանը, Արմեն Վարդանյանը , ովքեր Արամայիս Խլղաթյանի հետ միասին հեղինակեցին վեց  բարձրարվեստ քանդակներ, որոնք արդեն շուք են տալու քաղաքի գլխավոր փողոցներին: Սիմպոզիումի շրջանակներում էլ ձեռնարկվեց գլխավոր աշխատանքներից ու կոթողներից մեկը՝ Արցախյան ազատամարտում զոհված մարտունեցիների հուշարձանի կերտումը: Այն հեղինակեց ՀՀ նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արտիկ Քոչարյանը, ում ընկերակցեցին Արամայիս Խլղաթյանը եւ Ռաֆիկ Սարգսյանը: Սիմպոզիումը փակվեց սեպտեմբերի սկզբին, սակայն երեք քանդակագործները շարունակեցին հուշարձանի կերտումը՝ այն ավարտին հասցնելով նոյեմբերի սկզբներին:
Նոյեմբերի 11 –ին  Մարտունի քաղաքում բացվեց Արցախյան ազատամարտի մարտունեցի զոհերին նվիրված հուշարձանը: Այն օծվեց Գեղարքունյաց  թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ:   Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Երկրապահ կամավորների միության ներկայացուցիչներ, Մարտունի քաղաքի եւ տարածաշրջանի համայնքների մտավորականներ, մանկավարժներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, քանդակագործության սիմպոզիումը նախաձեռնող խմբի անդամներ, բարեգործներ եւ հովանավորներ: Հուշարձանի բացման նախապատվությունը Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո  տրվեց զոհված ազատամարտիկ Արամ Խլոյանի մայր Տատյանա Խլոյանին եւ զոհված ազատամարտիկ Գեիմ Գուլեյանի հայր Ռաֆիկ Գուլեյանին: Սրտառուչ խոսքերով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, քանդակագործության սիմպոզիումի նախաձեռնող խմբի անդամ Անահիտ Գեւորգյանը, զոհված ազատամարտիկ Գագիկ Զաքարյանի այրի Անահիտ Զաքարյանը, Արցախյան ազատամարտում Մարտունու վաշտի հրամանատար Թաթուլ Կարապետյանը: Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն իր խոսքում դրվատեց Արամայիս Խլղաթյանի եւ նրա գործընկերների հայրենանվեր, դարերի մեջ ապրող ու ապրեցնող աշխատանքը եւ մասնավորապես Մարտունի քաղաքի բնակիչ  Իշխան Գրիգորյանի բարերարությունը, ում նվիրատվությամբ էլ կյանքի կոչվեց այս հուշարձանի կերտումը: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը սիմպոզիումի շրջանակներում իրականացված քանդակները հովանավորելու համար ԵԿՄ մեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանին, բարերարներ Սեւակ Շահինյանին, Իշխան Գրիգորյանին,Ավետիք Նազարյանին, Դավիթ Երանոսյանին: Քանդակագործության սիմպոզիումի անդամների անունից բարերաներին նվերներ հանձնեց Արամայիս Խլղաթյանը:Քանդակի գլխավոր հեղինակ Արտիկ Քոչարյանը նշեց, որ հուշարձանը պատկերում է զոհված ազատամարտիկին, ով համբառնում է երկինք Հազարան Բլբուլի թեւերի վրա: Նա իր կյանքը տվել է՝ աշխարհն ապրեցնելու եւ հավերժացնելու համար:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 11:15:04