Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ
08.11.2012

Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Մարզի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց տարածքի համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և համապատասխան կառույցների հաշվապահների հետ: Քննարկման հիմնական թեմաները վերաբերում էին 2013 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցմանը, ՀՀ գնումների մասին օրենքում կատարված նոր փոփոխություններին և լրացումներին, նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման և եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տեղական բյուջեներում վերահաշվարկ կատարելուն և տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը: Առաջին երեք հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է մեթոդական օգնություն և խորհրդատվություն կազմակերպել տեղերում, որպեսզի ամեն ինչ արվի օրենքին համապատասխան: Ամփոփելով հանդիպումը Ռաֆիկ Գրիգորյանը անդրադարձավ նաև Ճամբարակի տարածքի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Մարզի ղեկավարը հիմնականում գոհ էր տարածաշրջանի համայնքներից՝ եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար, սակայն կան մի քանի համայնքներ, որտեղ այդ ցուցանիշը ցածր է: Նշված համայնքների ղեկավարները հույս հայտնեցին, որ մինչև տարեվերջ իրենք համայնքներում կապահովեն սեփական եկամուտների բարձր կատարողական արդյունք: Հակառակ դեպքում այդ համայնքները կզրկվեն ՀՀ կառավարության կողմից ներդրվող զարգացման ծրագրերից: