Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ

07.11.2012

 

Գեղարքունիքի մարզում այսօր գործում են 27 աղբավայր, որոնք հիմնականում չեն համապատասխանում աղբավայրերի շահագործման կանոններին եւ լուրջ վտանգ են ներկայացնում բնության եւ շրջակա միջավայրի մաքրության պահպանման համար:
Թեեւ մարզի քաղաքային եւ առանձին գյուղական խոշոր համայնքներում աղբահանության եւ աղբահեռացման խնդիրները կարգավորված են, այդուհանդերձ, Գեղարքունիքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում աղբահանության եւ աղբավայրերի շահագործման ու կառավարման խնդիրները մնում են չկարգավորված ու օրակարգային: Սակայն այն առավել հնչեղ է դառնում Գեղարքունիքի մարզում, ուր սրությամբ դրված է Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման խնդիրը:
Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքերի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ՙՍեւան՚ Ազգային պարկի ներկայացուցիչներ:
Բացելով հանդիպումը` Յուրի Ջավադյանը նշեց, որ Սեւանա լճի ջրի մաքրության պահպանման համար իրականացվող միջոցառումները չեն կարող լուծվել կարճ ժամկետներում եւ նյութական սուղ միջոցներով, սակայն քայլ առ քայլ ու կառավարման տարբեր օղակների համագործակցությամբ հնարավոր կլինի շատ բան շտկել: Յուրի Ջավադյանը   համայնքի ղեկավարներին հորդորեց` մինչեւ ձյան տեղումների սկսվելը համայնքերի տարածքներում իրականացնել աղբահավաքման, աղբահեռացման եւ աղբազերծման աշխատանքներ, հակառակ դեպքում գարնան ձջնհալի ընթացքում ձյան տակ մնացած աղբը ծանր հետեւանքներ կստեղծի լճի համար: Հաջորդ կարեւոր խնդիրը Յուրի Ջավադյանը համարեց Սեւանա լճի ափերին մոտի կառուցված եւ ջրածածկման վտանգին ենթակա հորատիպ զուգարանների անհապաղ մաքրումը:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ այսօրվա պայմաններում համայնքի ղեկավարները, մինչեւ աղբի կառավարման եւ շահագործման հիմնական հարցերի վերջնական կարգավորումը, կարող են լուծել մեկ հիմնական խնդիր. հնարավորինս քիչ աղբ ստեղծել, իսկ այդ քիչ աղբը` կառավարել:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ աղբահեռացման, աղբավայրերի շահագործման եւ աղբի կառավարևման խնդիրները լուծելու համար հարկավոր են մեծ ներդրումներ: Դրանք հարկավոր են նաեւ բնակավայրերի կոյուղացման եւ Սեւանի ափամերձ, ջրածածկման ենթակա անտառների մաքրման ուղղություններում: Սակայն, ըստ մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ կարելի է հասնել իրավիճակի մեղմմանը` մինչեւ հարցի վերջնական կարգավորումը:
Մարզպետը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ համայնքերի ղեկավարներին` մեկ շաբաթվա ընթացքում Սեւանա լճի ափաներձ տարածքները, գետերի հուները եւ ձկնապաշարներ ունեցող գետերի գետաբերանները հիմնովին մաքրել կենցաղային աղբի թափոններից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17