Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

01.11.2012

Սեւան քաղաքի ջրամատակարարման բարելավման խնդիրներին էր նվիրված հոկտեմբերի 30-ին Սեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ  Գրիգորյանը, Սեւան, Սեմյոնովկա, Ծովագյուղ համայնքների ղեկավարներ, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ  գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության պատասխանատու աշխատողներ:
Կարեւորելով նման հանդիպումները համայնքներում անցկացնելը, որը հնարավորություն է տալիս մոտիկից շփվել առկա հիմնախնդիրների հետ եւ գտնել դրանց լուծման ուղիները,  մարզպետը նշեց, որ եղած ռեզերվները հնարավորություն են տալիս` կատարվելիք աշխատանքների արդյունքում ,, Բեթղեհեմ-Սեւան,, ջրատարով Սեւան քաղաք ավել մղել վայրկյանում 30-40 լիտր ջուր: Մանավանդ որ ջրատարի տեխնիկական հնարավորությունները դա թույլ են տալիս: Նշենք, որ ջրատարը կառուցվել է Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ անցած դարի 90-ական թվականների վերջերին  եւ նպատակ կար ինքնահոս եղանակով Ծովագյուղ համայնքի հարակից ՙԲեթղեհեմ՚ կոչվող սարատեղից խմելու ջուր հասցնել Սեւան: Ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ջրագծի շինարարության շուրջ ժամանակին բազմաթիվ ասեկոսեներ տարածվեցին, իսկ արդյունքում այդպես էլ նախատեսված ջրաքանակը չհասավ Սեւան:
Ներկայացնելով խնդրի հետ կապված իրենց դիքորոշումը, այն է` ընկերությունը պատրաստ է տարածքում լուրջ կապիտալ ներդրումների գնալ 2014թ. ոչ շուտ, երբ արդեն իրենք կսկսեն սպասարկել ջրամատակարարման համակարգը Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքներում, սակայն եթե կա հարցի լուծման նկատմամբ տեղական իշխանությունների կողմից նման շահագրգիռ վերաբերմունք, իրենք պատրաստ են հարցը քննարկել եւ լուծումներ առաջարկել: Միայն թե նշված համայնքները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը ջրի օգտագործման շռայլումների նկատմամբ եւ խոսքից անցնեն գործի: Չի կարող մի համայնքի կողմից ջրի անտեղի շռայլումների դեպքում մյուսը տուժել: Խնդրի լուծման նկատմամբ իրենց դրական արձագանքը բացատրվում է մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանքով`  Բեթղեհեմի ինքնահոս ջրատարով Սեւանում խմելու ջրի քանակության ավելացման դեպքում հնարավոր կլինի պակասեցնել Լճաշենից քաղաք մտնող ջրաքանակը, որը կնշանակի խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, մարզպետը հստակեցրեց առաջիկա համատեղ անելիքները, այն է` տեղում ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ մասնագետների օգնությամբ կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ ջրահավաք ավազանների առկայության վերաբերյալ եւ ներկայացնել առաջարկություններ կատարվելիք աշխատանքների եւ դրանց ծավալների վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17