Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսի տարածքում շարունակվում են կասկածվող սիբիրյան խոց հիվանդության դեմ կանխարգելման միջոցառումները

29.10.2012

 Հոկտեմբերի երկրորդ կեսից սկսած` կասկածվող սիբիրյան խոց հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում: Համաճարակի բռնկման կասկածվող հիմնական օջախը համարվում է Ծովակ գյուղը, որտեղ կասկածելի հիվանդություն է նկատվել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ: Ահազանգը, ինչպես տեղեկացրին պատկան մարմիններից, հնչեցվել է այն ժամանակ, երբ մայրաքաղաքի շուկաներից մեկում վարակված միս է հայտնաբերվել եւ Ծովակի բուժամբուլատորիա դիմած քաղաքացիների մոտ նկատվել են մաշկային միատեսակ վերքեր: Ահազանգից անմիջապես հետո Վարդենիսի տարածաշրջան են ժամանել ՀՀ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները, փոխոստիկանապետ Աֆյանը,  Գեղարքունիքի մարզպետը, ովքեր իրենց ենթակա ստորաբաժանումների հետ համատեղ մշակել են կասկածելի հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումները: ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական տեսչության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Սամվել Ասլանյանը նշեց, որ ահազանգի հենց առաջին պահից Վարդենիսի տարածքի համայնքներում սահմանվել է արգելանքի ռեժիմ, որով դադարեցվում է անասնամորթը, մսի առքուվաճառքը, տեղափոխումը մայրաքաղաք կամ այլ բնակավայրեր: Վարակված միսն առգրավվել է սառնարաններից, կասկածելի սիբիրյան խոց ունեցող անասունների դիակների հետ մեկտեղ այրվել եւ թաղվել Ծովակից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հատուկ գերեզմանոցում, որը պետք է ցանկապատվի, բետոնապատվի, եւ որտեղ մարդկանց ու կենդանիների մուտքը արգելվի:
ՀՀ գյուղնախարարության ՙԱնասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի Գեղարքունիքի մարզային կենտրոն՚ ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանն էլ իր հերթին նշեց, որ հոկտեմբերի 18-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածքում կասկածվող սիբիրյան խոց հիվանդության դեմ կրկնակի պատվաստում են ստացել 14 հազար գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ, սակայն նրանցից ոչ մեկի մոտ անկում չի նկատվել, մինչդեռ սիբիրյան խոցով վարակված անասունը պատվաստանյութը ստանալուց ժամեր անց պարտադիր սատկում է: Անասնագլխաքանակի պատվաստումները Ծովակում եւ նրան հարակից համայնքներում շարունակվում են: Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանը նշեց, որ հոկտեմբերի տասնութից մինչեւ քսանյոթը իրենց մոտ հոսպիտալացվել է 34 հիվանդ: Նրանց մոտ հիմնականում նկատվել է կասկածելի հիվանդության թեթեւ` մաշկային ձեւը: Վերջին հիվանդը հոսպիտալացվել է հոկտեմբերի 23-ին, որից հետո դեռ նոր հիվանդներ չեն ընդունել: Բուժումները մարդիկ ստացել են պետպատվերի շրջանակներում` գումար չծախսելով բուժման ու դեղորայքի վրա: Հիվանդներից 25-ը արդեն նախապատրաստվում են դուրսգրման, իսկ մնացած ինը կշարունակեն բուժվել ստացիոնար պայմաններում:
 Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը շարունակում է հետեւել կանխարգելիչ միջոցառումներին եւ արգելանքի ռեժիմին, որը կպահպանվի վերջին հիվանդ անասունի հայտնաբերումից մինչեւ 14-րդ օրը: Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ մնում է վերահսկելի եւ արվում է հնարավորը` մարդկանց խուճապային տրամադրություններից զերծ պահելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 20:01:15