Տպել
Նորություններ
ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
29.10.2012

Գեղարքունիքի մարզում գրեթե ավարտին է հասել կարտոֆիլի բերքահավաքը: Այն մարզում ցանվել էր մոտ 15 հազար հեկտար տարածքի վրա, որից մոտավոր հաշվարկներով ստացվել է 280 հազար տոննա կարտոֆիլի համախառն բերք: Բնակլիմայական նպաստավոր պայմաններ, որակյալ սերմացու, պարարտանյութերի և այլ թունաքիմիկատների տեղին ու ժամանակին օգտագործում ու կանոնավոր ոռոգում: Ահա այն հիմնական գործոնները, որոնք նպաստել են բարձր բերքատվության: Մարզում դեռևս խորհրդային տարիներից օգտագործվել է հոլանդիայից և գերմանիայից ներկրված սերմացուն: Կարտոֆիլագործների հավաստմամբ վերջին տարիներին դարձյալ հոլանդիայից ներկրված էլիտար և առաջին վերարտադրութան սերմացուն էլ պակաս քննություն չի բռնում մարզում: Այն ապահովում է բարձր բերքատվություն և ապրանքային տեսք: Չնայած բերքատվության գոհացուցիչ արդյունքներին՝ այսօր կարտոֆիլի իրացման խնդիր կա: Տեղում բերքը վաճառվում է բավականին ցածր գնով: Առաջարկվող գինը, ինչպես ասում են հողագործները, ամենևին ձեռնտու չէ: Դրանք չեն փակում սերմացուի ձեռքբերման, ոռոգման և մյուս աշխատանքների վրա կատարված ծախսերը: Ասենք, որ այս պահին շահագրգիռ կառույցները աշխատանք են տանում վրաց գործընկերների հետ՝ մեր հանրապետությունում կուտակված կարտոֆիլի իրացումը կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա նշենք, որ կարտոֆիլագործները բարձրորակ տնկանյութի կարիք չեն ունենա, հավաստում են մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները: