Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

10.10.2012

ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Իզերի մարզերի միջեւ հաստատված տնտեսական եւ կրթամշակութային համագործակցությունը   կշարունակվի անկախ Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմի փոփոխությունից: Այսպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ընդունելով ֆրանսիական ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության համակարգող  Մարտին Շալինեին : Վերջինս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց տուրիստական ոլորտում կատարված այն աշխատանքները, որոնք իրականացվել են վերջին 4 տարիների ընթացքում: Կազմվել է Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերի եւ տուրիստական հանգրվանների մասին պատմող ճանաչողական գրքույկ, Սեւանի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում վերապատրաստվել են երիտասարդ գիդեր, երկու մարզերի ղեկավար կազմերի մակարդակով եղել են փոխադարձ այցելություններ: Տուրիզմի ոլորտում շեշտը դրվել է էկոտուրիզմի եւ կայուն տուրիզմի վրա: Կիսատ են մնացել համացանցային պորտալի ստեղծման եւ Գեղարքունիքի մարզի չորս գլխավոր մուտքերի մոտ եռալեզու ցուցանակներ տեղադրելու ծրագրերը: Առաջիկայում Ֆրանսիա է հրավիրվելու Գեղարքունիքի մարզի  պատվիրակությունը` առաջիկա երեք տարիների տուրիստական համատեղ ծրագրերի կազմման եւ իրականացման համար համատեղ քննարկումներ կազմակերպելու համար: Իզերի դեպարտամենտի եւ ՙԱֆրատի՚ կողմից կազմակերպվելու է ճանաչողական տուր, որով ֆրանսիական տուրիստական շատ կազմակերպություններ իրենց համար կբացահայտեն Հայաստանը, նրա գրավչությունները:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ինքը շատ մոտիկից ժամանակին ծանոթ է եղել Գեղարքունիք-Իզեր համագործակցության ծրագրերին, եւ այսօր Գեղարքունիքի մարզի նոր ղեկավարությունը համագործակցությունը շարունակում է արդեն կայուն հիմքերի վրա:
ՙՄենք ունենք հրաշալի բնություն, պատմաճարտարապետական հարուստ հուշարձաններ, բայց` շատ թույլ, անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքներ, որոնց վիճակը շտկելու համար կարիք ունենք նաեւ ֆրանսիական կողմի հետ տեւական եւ կայուն համագործակցության՚,- եզրափակեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59