Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՔԵՆԻՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145 ԱՄՅԱԿԸ

08.10.2012

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության այս տարվա աշխատանքային ծրագրի շրջանակներում Մաքենիս գյուղում, միջնադարյան հայ գրչության ու դպրության հռչակավոր կենտրոն Մաքենյաց վանքի բակում Մաքենիսի միջնակարգ դպրոցի մանկավարժների եւ աշակերտների ուժերով հանդիսավորությամբ նշվեց մեծանուն հայ հոգեւորական ու մտավորական, հայ գրականության ու մշակույթի եւ մանկավարժության մեծ երախտավոր, Սարդարապատի ճակատամարտի ոգեշնչող, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ծննդյան 145 ամյակը: Հանդիսությանը մասնակցեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ եւ մանկավարժներ: Միջոցառումը բացվեց Մաքենիսի միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից հնչեցված տերունական աղոթքով եւ Տիրամորը նվիրված հոգեւոր երգերով: Ապա աշակերտները ներկաներին պատմեցին Գարեգին Հովսեփյանի ծավալած հոգեւոր, մտավոր ու հասարակական գործունեության մանրամասները, որոնք լի են հայասիրությամբ, հայրենասիրությամբ ու անձնվիրությամբ:
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը երախտիքի խոսքեր ուղղեց Մաքենիսի միջնակարգ դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին, շեշտելով, որ ուսուցչի օրվա խորհուրդը եւ մեծանուն Գարեգին Հովսեփյանի գործերն առավել են իմաստավորվում մի վանքում, որը եղել է հայոց հավատի, դպրության եւ գրչության հռչակավոր տուն, որտեղ կրթվել ու ստեղծագործել են հայ մտքի ու մշակույթի շատ նշանավոր գործիչներ: Նա կոչ արեց բոլորին՝ լինել արժանի հետեւորդը Գարեգին Հովսեփյանի, մեր լեզվի ու հավատի, գրի ու դպրության մյուս մեծ երախտավորների, գիտության լույսը ճառագեցնել մեր սիրելի հայրենիքի վրա:
Միջոցառման եւ օրվա խորհրդի շուրջ իրենց տպավորությունները կիսեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, Մաքենիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանը: Միջոցառումն առանձնակի շուք ստացավ Հայաստանի տարբեր մարզերի ուխտավորների անակնկալ ժամանմամբ: Նրանք իրենց ջերմեռանդ աղոթքներով, մոմավառությամբ ու ժամերգությամբ մեկ անգամ եւս սրբացրին ու ոգեկոչեցին Գարեգին Հովսեփյանի գործն ու անունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:01:21