Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
04.10.2012

Հարգելի մանկավարժներ, հարուստ եւ անչափելի են հայ դպրության նվաճումներն ու նրա թողած գիտական ու մշակութային ժառանգությունը: Անկախ պատմական աղետներից, հայոց պետականության կորուստներից, օտար բռնաճնշումներից` հայ մարդը միշտ ձգտել է դեպի կրթության ու գիտության լույսը, կերտել համազգային ու համամարդկային մտքի մնայուն արժեքներ, սերունդներին փոխանցել ազգապահպան ու ինքնատիպ գիր ու գրականություն, արվեստ ու գիտություն: Դժվար, երբեմն անհնար է եղել հայոց դպրության հազարամյակների ուղին, սակայն հայ ուսուցիչը միշտ նվիրված է եղել իր կոչմանը` վանական դպրոցներում, համալսարաններում կամ գիտական նշանակության միաբանություններում ու հաստատություններում սիրով ու տքնանքով մատաղ սերնդին ավանդելով հայ եւ համաշխարհային մտքի գոհարները:
Իսկ այսօր ձեզ է վերապահված այդ լուսավոր ճանապարհի շարունակությունը, ուր գործ ունեն միայն ջերմեռանդ նվիրումն ու աշխատասիրությունը, մասնագիտական հմտություններն ու կայուն գիտելիքները:
Մեր պետության կողմից որդեգրած կրթական բարեփոխումների ծրագիրն այսօր կյանքի է կոչվում դարձյալ ձեր ջանքերի, պրպտումների, տարիների վաստակի եւ փորձի շնորհիվ, որի ամենաարժանի փոխհատուցումը լինելու է հզոր ու բարեկեցիկ Հայաստանի կերտումը:
ՈՒսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մանկավարժներին, նրանց, ովքեր այսօր սիրով ու նվիրումով հայրենիքում ու նրա սահմաններից դուրս շարունակում են հայ սերունդներին փոխանցել մայրենի լեզուն ու գիրը, հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, ազգային եւ համամարդկային հոգեւոր արժեքները, վառ են պահում Մեծն Մաշտոցի ձեռքերով վառած Հայոց դպրության ջահը: Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ երկինք, ստեղծագործական ու աշխատանքային անսպառ եռանդ, առողջություն եւ հաջողություն կյանքում , ընտանիքում եւ աշխատանքում:
Ջերմ մաղթանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան: