Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
03.10.2012

Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում պետք է շտկվեն բոլոր թերությունները
Հոկտեմբերի երեքին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահական ձեռնարկությունների տնօրենների եւ հաշվապահների հետ: Խորհրդակցությանը մասնակցեցին նաեւ մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ: Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այս տարվա սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որտեղ ՀՀ Նախագահը անդրադարձավ առողջապահական ոլորտում առկա բացթողումներին:
Մարզպետը հանձնարարեց առողջապահական ոլորտի պատասխանատուներին` կարճ ժամկետում շտկել առկա խախտումները կամ թերացումները մարզի առողջապահական հիմնարկներում եւ հատկապես պետգնումների ու հումանիտար խողովակներով ստացվող դեղորայքների բաշխման ուղղություններում աշխատել օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Առողջապահության եւ սոցիալական պաշտպանության, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերին հանձնարարվեց` հետեւողական աշխատանք տանել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված ՙՊետգնումների գործընթացի մասին՚ կարգը առողջապահության ոլորտում կիրառելու եւ հումանիտար խողովակներով ստացվող դեղորայքի ճիշտ բաշխումը վերահսկելու ուղղությամբ:
Մարզպետը միաժամանակ զգուշացրեց բուժհաստատությունների տնօրեններին` բուժսպասարկումն իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով, որակով առանց պետության կողմից սահմանված գնացուցակից դուրս լրացուցիչ գումարներ պահանջելու: Բոլոր քայլերը պետք է ուղղվեն բուժսպասարկման մակարդակի բարձրացմանը, ուստի պետք է վերանայել բացթողումները, անել համապատասխան հետեւություններ, այլապես պատիժները կլինեն խիստ եւ աններելի,- հավելեց մարզի ղեկավարը: