Տպել
Նորություններ
2013 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԱՐԶՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
29.09.2012

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական ,,WKS Հայաստան,, տեքստիլ գործարանի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային համայնքների ղեկավարների և նույն համայնքների միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ,,WKS Հայաստան,, տեքստիլ գործարանի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Քրիստյան Գելինջը տեղեկացրեց, որ իրենք նպատակ ունեն տեքստիլ գործարանի մասնաճյուղեր հիմնել Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում, որի համար անհրաժեշտ է մարզի ղեկավարի և վերոնշյալ համայնքների ու կառույցների ղեկավարների աջակցությունը: Ըստ Գելինջի ներկայացրած ծրագրի, նախ պետք նշված ուսումնական հաստատություններում կազմակերպել կարի արտադրամասում աշխատել ցանկացողների վերապատրաստման դասընթացներ, դրան զուգընթաց կազմակերպությունը համայնքներում 20 տարի ժամկետով կգնի տարածք, կվերանորոգի և կտեղադրի կարի ժամանակակից հաստոցներ: Ըստ նախատեսվածի հիմնվող արտադրամասերից յուրաքանչյուրը պետք է ունենա 2000 քմ–ից ոչ պակաս տարածք՝ նվազագույնը 100 բանվոր աշխատեցնելու համար: Արտադրանքը կլինի մանկական սպիտակեղենի և այլ հագուստների տեսքով: Արտադրանքը մինչև 2015 թվականը կարտահանվի, որից հետո կսպառվի նաև հանրապետության տարածքներում: Գործարանում աշխատավարձը, ըստ մեզ փոխանցած տեղեկատվության գործարքային է, այն կտատանվի 50-120 հազար դրամի սահմաններում: Քրիստյան Գելինջի խոսքով նշված նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հենց հոկտեմբեր ամսից, իսկ արտադրամասերում բուն գործունեությունը կծավալվի 2013 թվականից: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին նման ծրագիր իրականացնելու համար, ինչը կնպաստի մարզում մոտ 1000 աշխատատեղերի ստեղծմանը և պատրաստակամություն հայտնեց բոլոր խնդիրներում աջակցել ներդրողներին՝ ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում կյանքի կոչելու համար: ,,WKS Հայաստան,, տեքստիլ արտադրության տնօրենը հավելեց նաև, որ ծրագրերի հաջողակ ընթացքի դեպքում մարզում կավելացվեն արտադրության ծավալները և աշխատատեղերը: