Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

20.09.2012

 

Հարգելի հայրենակիցներ 21 տարի առաջ այս նույն օրը հայ ժողովուրդը, օգտագործելով պատմությունից իրեն տրված բացառիկ հնարավորությունը, միահամուռ ընտրեց   Անկախության ճանապարհը` վճռականորեն դնելով Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնաքարը: Թեեւ այդ ճանապարհը մեզ տրվեց պատերազմի, անհամար զրկանքների եւ տասնյակ հազարավոր զոհերի գնով, սակայն մենք ազգովի կարողացանք դիմագրավել Հայաստանի եւ Արցախի անկախությանը նետված բոլոր ռազմական ու քաղաքական մարտահրավերները եւ նոր ուղի հարթել դեպի առաջընթաց եւ ազատ ու խաղաղ զարգացում, հզորացում ու ազգային արժանապատվության վերանվաճում: Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն կարողացավ դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ եւ միջազգային ամենահեղինակավոր կառույցների անդամ, այլ նաեւ Արցախի անվտանգության միակ երաշխավորը, Հայ Դատի պաշտպանն ու իրագործողը եւ համայն հայության սրբազան տունը: Անցնող տարիների ընթացքում էլ ավելի բարձրացավ նրա միջազգային հեղինակությունը, դերն ու նշանակությունը, ժամանակակից աշխարհի հզոր երկրների կողքին քայլելու, ժողովրդավարական արժեքները պահպանելու եւ զարգացնելու վճռականությունը:
Անցնող ժամանակն ապացուցեց, որ միայն Ազատ, Անկախ ու Ժողովրդավար Հայաստանն է  ի զորու քայլ առ քայլ իրականացնել հայ ժողովրդի եւ հայոց հայրենիքի վերամիավորման, աշխարհասփյուռ հայությանն իր բնօրրանում հավաքելու դարավոր նպատակները, կանխել նրան դեռեւս սպառնացող արհավիրքները, հայոց սերունդների համար կառուցել հզոր ու բարեկեցիկ պետություն:
Օր օրի հայ ժողովրդի խաղաղարար ու ստեղծարար ջանքերն ավելացնում են Հայաստանի եւ Արցախի` հայկակական երկու պետությունների ուժն ու հզորությունը, վճռականորեն եւ անշեղորեն ամրապնդում մեր պաշտպանունակությունը, ազգային միաբանության եւ ազգահավաքման բաղձալի գործընթացը, իսկ Անկախության ճանապարհը Հայաստանը դարձնում է ավելի կենսունակ, ավելի ծաղկուն, ավելի նոր ու սիրելի հայրենիք, գլոբալիզացիայի պայմաններում անգամ հայկականությունը, ազգային եւ համամարդկային արժեքները փայփայող ու պահպանող միջոց:
 Հայաստաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը, հայոց բանակի զինվորներին ու սպաներին, մաղթում նրանց խաղաղ երկինք, հոգու անսպառ կորով, քաջ առողջություն, սեր եւ միաբանություն, հույս եւ հավատ, հաջողություն եւ համազգային նորանոր հաղթանակներ: Եղեք երջանիկ:
Լավագույն ցանկություններով`  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06