Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

06.09.2012

Գեղարքունիքի մարզպետի մոտ ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ քննարկվեցին մարզի հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրները: Քննարկանը մասնակցում էին նաեւ  մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային եւ Գավառի տարածքային գրասենյակների տնօրենները: Հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանը: Դրանցից առաջինը վերաբերում էր հողակադաստրային խմբերի վերանայմանը եւ հողերի գնահատման համակարգի փոփոխությանը: Մանրամասնելով հարցը՝ բաժնի վարիչը նշեց, որ իրար սահմանակից բազմաթիվ համայնքներում ժամանակին նույնանման հատույց ունեցող հողերը գրանցվել են տարբեր կարգերի տակ: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշեց, որ այդ հարցը ներկայացված է ՀՀ կառավարության ուշադրությանը, այժմ գտնվում է քննարկման փուլում եւ լուծում կստանա 2013 թվականի ընթացքում: Երկրորդ խնդիրը վերաբերում էր լիցենզավորված մասնավոր ընկերությունների կողմից գրանցման նպատակով կատարվող հողի չափագրումների արժեքներին, որոնք մի քանի անգամ գերազանցում են նախկինում պետական գրանցման համար սահմանված վճարներին:Պատասխանելով հարցին՝ Երվանդ Զախարյանը նշեց, որ 2013 թվականի հունվարից հողերի եւ շինությունների չափագրման իրավասություն կտրվի կոմիտեի համակարգում գործող չափագրող եւ քարտեզագրող կառույցին, որի դեպքում չափագրման գները կլինեն ցածր եւ մատչելի՝ այլընտրանք դառնալով մասնավոր ընկերությունների կողմից սահմանված բարձր գներին:
Երրորդ հարցը վերաբերում էր  մարզի քաղաքային համայնքներում չափից ավել քարտեզագրմամբ քաղաքացիների վրա ամրագրված հողերի գրանցմանը՝ ամբողջ հողամասը քաղաքացու վրա գրանցելու եւ հարկային դաշտ բերելու նպատակով: Պատասխանելով հարցին, Երվանդ Զախարյանը նշեց, որ կադաստրի պետական կոմիտեն այս հարցում հիմք կընդունի համայնքի ավագանու որոշումը եւ կգրանցի քաղաքացու վրա ավել ամրագրված հողամասը:
Մտահոգող հարցերից մեկն էլ գյուղական առանձին համայնքներում ժամանակին թույլ տրված սխալ քարտեզագրումներն են, ինչի հետեւանքով մինչ օրս այդ համայնքների սեփականատերերը չեն կարողանում ստանալ սեփականության իրավունքի վկայականներ: Վաղուց այդ տեղերում նոր քարտեզագրման անհրաժեշտություն կա, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն առայժմ անհնար է իրականացնել:
Երվանդ Զախարյանը նշեց, որ արդեն ֆինանսական այլ աղբյուրների շնորհիվ խնդիրը լուծվում է Ակունք եւ Ներքին Գետաշեն համայնքներում: Իսկ մնացած տեղերի խնդիրը կարգավորելու համար կորոնվեն ֆինանսական այլ աղբյուրներ, քանի որ տեղական բյուջեների սուղ միջոցները բավարար չեն լինի՝ նոր քարտեզագրում իրականացնելու համար: Ապա կոմիտեի նախագահը հավելեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների, Գեղարքունիքի մարզպետարանի եւ կադաստրի պետական կոմիտեի համագործակցված աշխատանքի դեպքում ոչ մի չլուծված խնդիր չի մնա: Համայնքի ղեկավարները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, որոնք վերաբերում էին համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին հանձնելու կանոնակարգերին եւ գործընթացներին: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահը հույս հայտնեցին, որ բոլոր հարցերը քայլ առ քայլ լուծում կստանան, եւ առաջիկայում  չի լինի որեւէ հողակտոր կամ քառակուսի մետր հողամաս, որ մնա առանց հաշվառման, հարկման եւ չօգտագործվի նպատակային:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36