Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԱՀԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

05.09.2012

 

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ ու սահմանապահ Վահան գյուղում հանդիսավորությամբ նշվեց 1992 թվականի օգոստոսի 30-ին Վահան գյուղում մղված ինքնապաշտպանական մարտերում զոհված չորս վահանցիների հիշատակի եւ հայկական կողմից սահմանապահ ուղեկալի հետ գրավման 20-րդ տարեդարձը: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ճամբարակի ինքնապաշտպանական մարտերի մասնակից, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Ճամբարակի տարածքային զինկոմիսարիատի աշխատակիցներ եւ Վահանում տեղակայված սահմնաապահ զորամասի սպաներ եւ զինվորներ, պաշտոնական այլ անձինք:
Բացելով հանդիպումը՝ ինքնապաշտապանական մարտերի մասնակից, վահանցի Ազատ Թորոսյանը ներկայացրեց Վահանում եւ նրա շրջակայքում ծավալված ինքնապաշտպանական մարտերի մանրամասները, համաձայն որոնց 20 տարի առաջ նույն օրը գյուղի սահմանները պաշտպանելիս զոհվել են Վահանի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Գարուշ Բրուտյանը եւ նրա նախկին աշակերտներ Գուրգեն Սարիբեկյանը, Մանուչար Ապրեսյանը եւ Հարություն Թորոսյանը: Այնուհետեւ օգոստոսի 31-ին Վահանին օգնության եկած զինվորական ստորաբաժանումները եւ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած կամավորները վահանցիների հետ համատեղ ուժերով հետ են գրավել սահմնապահ ուղեկալը եւ թշնամուն դուրս շպրտել Վահանի սահմաններից: Հետագայում՝ 1992-93 թվականների ընթացքում, Վահանը ինքնապաշտպանական մարտերում տվել է եւս 12 զոհ, եւ բոլոր 16 հերոսներն էլ ամփոփված են գյուղի հարավում կառուցված պանթեոնում, որտեղ եւ տեղի էր ունենում ոգեկոչման արարողությունը: Զոհավածների շիրիմներին հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Այնուհետեւ տերունական աղոթք հնչեցրին եւ Վահանի հիմնը երգեցին Վահան գյուղի նախադպրոցական տարիքի այն սաները, ովքեր սեպտեմբերի 1-ին հաճախելու են առաջին դասարան: Զոհվածների հիշատակին եւ Վահանի ուղեկալի հետ գրավման իրադրձությանը սրտառուչ խոսքեր ձոնեցին զոհված ազատամարտիկի այրի Ջավահիր Օհանյանը, զոհված ազատամարտիկի մայր Հասմիկ Սարիբեկյանը, լրագրող Ավիկ Թորոսյանը, Վահանի դպրոցի աշակերտները եւ զորմասի զինվորները: Իր խոսքում Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանն առանձնահատուկ շեշտեց, որ ռազամական գործողությունների ծավալման ողջ ընթացքում Վահանից չի բացակայել ոչ մի տղամարդ ու կին, ծեր ու երեխա, եւ բոլորը մեկ մարդու պես կանգնած են եղել հայրենի գյուղի սահմանների պաշտպանության դիրքերում: Եւ այժմ էլ գյուղն ապրում է առանց արտագաղթաղների, հող հերկելով ու անասնապահությամբ, հանրային ծառայությամբ զբաղվելով՝ ամուր պահելով հայ զինվորի թիկունքը:
Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ,գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ՙԿուզեի, որ Վահանի ինքնապաշտպանական մարտերի մասին մի գիրք գրվեր, որ ամերիկյան բանակի զինվորները կարդային եւ իմանային, թե ինչպես են կռիվ մղում, քանի որ այդ օրը ուղեկալը հետ գրավելիս մենք ոչ միայն զոհ չենք տվել, այլ բնաջնջել ենք թշնամու մեծաքանակ ուժերին, այդ թվում՝ 12 չեչեն վարձկանների՚,-ասաց Խաչատուրովը: Նա հավելեց, որ այսօր մեր բանակն առավել մարտունակ ու զինված է, եւ մեր սահմաններին թշնամին չի կարող չսպառնալ: Ապա ՀՀ ԶՈւ շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրերով եւ թանկարժեք նվերներով պարգեւատրեց Վահանի ինքնապաշտպամական մարտերում աչքի ընկած մի խումբ մասնակիցների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06