Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2012

Հարգարժան մանկավարժներ եւ աշակերտներ:
Հերթական անգամ նոր ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը կրթական օջախներ է հրավիրել հայոց դպրության նվիրյալներին եւ նրանց տասնյակ հազարավոր աշակերտներին, որ մեր աշխարհը միշտ շնչի գիտության ու կրթության կերտած անփոխարինելի արժեքներով:Արագ փոփոխվող ու զարգացող ժամանակակից աշխարհը մեզանից այսօր պահանջում է նոր մոտեցումներ, նոր ջանք ու եռանդ կրթության համակարգում: Որպեսզի մեր երկիրը հետ չմնա համաշխարհային քաղաքակրթության արժեհամակարգից, միջազգային համընդհանուր զարգացումներից, Հայաստանի Հանրապետությունը ներդնում է իր բոլոր ջանքերն ու կարողությունները՝ կրթական բարեփոխումների շարունակման եւ կրթական ոլորտի դերի ու նշանակության բարձրացման, նոր պայմանների բարելավման ու ստեղծման ուղղությամբ:
Հավատացած եղեք, որ մեր երկրի հուսալի ապագան կերտվելու է կրթության ամրապնդման եւ գիտության զարգացման շնորհիվ, որ Հայաստանը միշտ եղել, կա ու կմնա որպես մշակույթ ու քաղաքակրթություն, գիր ու գրականություն ստեղծող ու վերարտադրող երկիր աշխարհի հզոր ու զարգացած երկրների կողքին:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, երջանկություն եւ անսպառ հաջողություններ կյանքում, ընտանիքում, աշխատանքում եւ ուսուցման ու ուսումնառության դժվարին ու պատվաբեր գործում:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան