Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՀԱՎԱՔՎԻ ՎԵՐՋԻՆ ՇՅՈՒՂ ԽՈՏԸ

17.08.2012

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն ամիսուկես ընթանում է խոտի բերքահավաքը, ինչն այս օրերին շարունակվում է չընդմիջվող թափով: Գործի են դրվել ինչպես ձեռքի ավանդական միջոցները՝ գերանդին, եղանը եւ փոցխը, այնպես էլ հնձող, հակավորող, հավաքող եւ տեղափոխող բոլոր մեքենաներն ու մեխանիզմները: Բերքահավաքն այս օրերին ընթանում է ծովի մակարդակից 2300-3000 մետր բարձրություններում գտնվող խոտհարքերում եւ փարթամ բուսածածկ ունեցող արոտներում: Ի տարբերություն ցանովի խոտհարքերի տված նվազ բերքատվության, բարձրադիր գոտիների բնական խոտհարքերն ու արոտները ապահովում են բարձր բերքատվություն: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը՝ օգոստոսի 16-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է ավելի քան 150 հազար տոննա անասնակեր:Դատելով բերքահավաքի չընդմիջվող թափից եւ բնական խոտհարքերի առատությունից՝ կարելի է վստահաբար ասել, որ ընդհանուր առմամբ մարզում կկուտակվի մինչեւ 400 հազար տոննա անասնակեր եւ կհնձվի մինչեւ վերջին շյուղ խոտը, որպեսզի անասնապահական տնտեսությունները լրացնել կարողանան ցանովի խոտհարքերից ստացված նվազ բերքատվության պակասը: Եթե վերջին մի քանի տարիներին առանց հնձելու էին մնում մոտիկ կամ հեռագնա խոտհարքերը հազարավոր հեկտարներով, ապա այժմ բերքահավաքի եռուզեռը նկատվում է մարզի բոլոր հատվածներում ու անկյուններում, լեռներում ու սարահարթերում:Սա իր հերթին փաստում է նաեւ, որ մարզում նկատելիորեն ավելացել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, խոտի բերքահավաքը դարձել եկամտաբեր զբաղմունք: Շատ անհատներ այս ամիսներին զբաղվում են նախորդ տարիների չհնձված հեռագնա եւ բարձրադիր գոտիների խոտհարքերից անասնակերը հնձելու եւ տնտեսություններին վաճառելու գործով: 20 կիլոգրամ կշռող խոտի մեկ հակը շուկայում վաճառվում է 1300-1500 դրամով, ինչը 4-7 հարյուր դրամով ավելացել է նախորդ տարվա գնի համեմատ: Խոտի բերքահավաքը Գեղարքունիքում կավարտվի սեպտեմբերի վերջերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11