Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

16.08.2012

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում օգոստոսի հինգից սկսվել եւ ընթանում է քանդակագործության սիմպոզիումը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրաճանաչ վեց քանդակագործներ՝ ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամներ Արամայիս Խլղաթյանը, Արտիկ Քոչարյանը, Գարեգին Դավթյանը, Սամվել Մարտիրոսյանը, Արմեն Վարդանյանը եւ Ռաֆիկ Սարգսյանը: Ինչպես տեղեկացրեց քանդակագործության սիմպոզիումի նախաձեռնող խմբի ղեկավար եւ մասնակից Արամայիս Խլղաթյանը՝ նախատեսված էր սիմպոզիումում ընդգրկել քանդակագործական ութ աշխատանք, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով առայժմ ձեռնարկվել է վեց աշխատանք: Մոտ երկուսուկես մետր բարձրության բազալտե քարերն այս պահին քանդակ են դառնում արվեստագետների ձեռքերի եւ քանքարի շնորհիվ: Ստեղծագործական աշխատանքների ընդհանուր վայր է ընտրված Մարտունու Գեղարվեստի դպրոցի բակը: Արամայիս Խլղաթյանի ստեղծագործության թեման Կատուն է, որը պատկերվում է արթնանալու պահին: Գարեգին Դավթյանը քանդակում է Պիկասոյի հիշատակին նվիրված կոմպոզիցիոն աշխատանք, որում պատկերվում է կնոջ հետ սեր անող Մինոտավրոսը: Սամվել Մարտիրոսյանը քանդակում է մեծ կոմպոզիցիոն աշխատանք՝ երկկողմանի ֆիգուրաներով, ուր մի կողմում պատկերվում է քնած դիցուհի, մյուս կողմում՝ Մուսան խորհրանշող քանդակագործը: Արմեն Վարդանյանը քանդակում է խայտացող ձկներ: Արտիկ Քոչարյանը քանդակում է գազանին սանձահարող մարդուն, որտեղ պատկերված գազանը խորհրդանշում է մեր հողի եւ արյան թշնամիներին, իսկ գազանին սանձահարողը՝ Վահագն Վիշապաքաղին, ով կայծակնահարում է սարսափելի գազանին: Յուրահատուկ մտահղացում է նաեւ Ռաֆիկ Սարգսյանի քանդակը, որը կրում է ՙՄարտունեցու Սուրբ Տիրամայր՚ անունը: Այն, սակայն, չի խորհրդանշում Տիրամայր Մարիամին, այլ՝ աշխատանքային եռուզեռի մեջ գտնվող մարտունեցի գեղջկուհուն: Սիմպոզիումի շրջանակներում մեկ աշխատանք էլ նվիրվելու է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Այն հեղինակելու են Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը եւ Արամայիս Խլղաթյանը: Սիմպոզիումը կավարտվի սեպտեմբերի հինգին, որից հետո միայն վերոնշյալ երեք հեղինակները ձեռնամուխ կլինեն Արցախյան ազատամարտի մարտունեցի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կերտմանը: Արվեստի վեց կոթողները կհանգրվանեն Մարտունու Երեւանյան եւ Մյասնիկյան փողոցներում, Արցախյան ազատամարտի զոհերի հուշակոթողը՝ քաղաքապետարանի շենքի դիմաց, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի կողքին: Սիմպոզիումի կազմակերպման եւ անցկացման գործում նյութական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, ՀՀ Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, մարտունեցի բարերար Իշխան Բարսեղյանը, Մարտունու համայնքային միավորումը, այլ կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59