Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

09.08.2012

Օգոստոսի 8-ին ճամբարակ քաղաքի հարավային մուտքի մոտ հանդիսավորությամբ բացվեց Արծվաշեն գյուղին նվիրված հուշահամալիրը, որը նվիրվեց Արծվաշենի անկման քսանամյա տարելիցին: Հուշահամալիրի բացմանը եւ ոգեկոչման արարողությանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ճամբարակի տարածքի համայնքների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք եւ հարյուրավոր արծվաշենցիներ ու ճամբարակի տարածքի համայնքների բնակիչներ: Հանդես գալով օրհնության կարգով՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ մեր զորավոր Խաչը մեր բոլոր կորուստների փոխհատուցման եւ ապագա հաղթանակների վկան ու խորհրդանիշն է լինելու, եւ ոչ մի ակնթարթ չպետք է կորցնել հավատը այդ հաղթանակների եւ կորուստների վերականգնման հանդեպ: Միջոցառման հիմնական կազմակերպիչներ, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ Արծվաշենի համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը իրենց ելույթներում շեշտեցին, որ անցած քսան տարիների ընթացքում արծվաշենցի 570 ընտանիքները հիմնականում կարողացան տոկալ, դիմադրել տան ու հայրենի եզերքի կորստյան դժվարություններին, ստեղծել նոր տուն ու միջավայր, հաստատվել Ճամբարակ քաղաքում, տարածքի համայնքներում կամ Հայաստանի այլ բնակավայրերում: Ըստ բանախոսների՝ դեպի Արծվաշեն տանող վերադարձի ճանապարհները դեռ փակ են մնում, սակայն այսպիսի միջոցառումները եւ ոգեկոչումները հենց նրա համար են, որպեսզի գալիք սերունդներն իմանան, թե որքան թանկ է եղել հայրենի հողը արծվաշենցիների ոտքերի տակ: Եվ Արծվաշենի անունն ու գոյությունն արդեն հիշատակում է նորաբաց հուշահամալիրը, որը բաղկացած է մոտ ինը մետր բարձրության երկաթյա հուշասյունից, որի գագաթին թառած արծիվը մագիլներով բռնել է սուրը, հին եւ նորաքանդակ երկու խաչքարերից եւ հուշարձան-աղբյուրից: Հուշահամալիրի կառուցման ծախսերը հոգացել են Արծվաշենի համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը եւ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով, ՙՄարշալ Բաղրամյան՚, ՙԱնդրանիկ Օզանյան՚, ՙԴրաստամատ Կանայան՚, ՙԳարեգին Նժդեհ՚, ՙՎազգեն Սարգսյան՚ եւ ՙԾովակալ Իսակով՚ մեդալներով պարգեւատրեց Արծվաշենի ինքնապաշտպանության ժամանակ եւ Արծվաշենի հուշահամալիրի կառուցման համար ներդրում ունեցած մի խումբ արծվաշենցիների: Արծվաշենի համայնքի ղեկավարը արծվաշենցիներին աջակցած մի խումբ պաշտոնյաների եւ միջազգային հռչակ ունեցող անձանց շնորհեց ՙՊատվավոր Արծվաշենցի՚ կոչումը, որին արժանացողների թվում էին հայտնի շախմատիստ Տիգրան Պետրոսյանը եւ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, ովքեր նույնպես արմատներով արծվաշենցիներ են հանդիսանում: Հուշահամալիրի բացման եւ ոգեկոչման արարողությունն ավարտվեց համերգով եւ ճաշկերույթով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03