Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

06.08.2012

Օգոստոսի վեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունը նվիրված էր խմելու ջրի մատակարարման հետ կապված հիմնախնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը եւ Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական այն համայնքների ղեկավարները, որոնց ջրատարների եւ ջրահեռացման ցանցերի կառավարումը հանձնված է ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերությանը: Իր խոսքում Պատրիկ Լորենը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին` մոտ ութ տարվա արդյունավետ ու կայացած համագործակցության համար: Ապա տնօրենը հավելեց, որ առաջիկա չորս տարիների ընթացքում ջրատարների եւ ջրահեռացման ցանցերի նորոգումների համար լինելու են նոր ներդրումներ քաղաքային հինգ համայնքներում, Գանձակ, Սարուխան, Լճաշեն, Նորատուս, Կարմիրգյուղ եւ մի շարք այլ գյուղական համայնքներում: Լորենը հավելեց, որ ութ տարիների ընթացքում իրենց կողմից սպասարկվող համայնքերի ջրամատակարարման համակարգերում շատ բան է փոխվել դեպի դրականը, իսկ համագործակցված աշխատանքը շարունակելու դեպքում, որին ինքը չի էլ կասկածում, հնարավոր կլինի մոտակա տարիներին հասնել համակարգի ամբողջական նորացմանն ու առողջացմանը,՝ ապահովելով շուրջօրյա եւ որակյալ ջրամատակարարում: Այնուհետեւ համայնքների ղեկավարներն առանձին-առանձին ներկայացրին իրենց համայնքերում ջրամատակարարման առկա հիմնախնդիրները, որոնք տեղում քննարկվում էին երկուստեք: ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գլխավոր տնօրենը հայտնեց իր դժգոհությունը Վարդենիս քաղաքում հաշվիչներ չտեղադրելու շուրջ, որի պատճառով էլ այստեղ կարող են փոքրանալ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում սպասվող ներդրումների հավանականությունները: Հայտնելով իր անհամաձայնությունը սույն հարցի շուրջ՝ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նշեց, որ նախեւառաջ ՙՀայջրմուղկոյուղին՚, որպես պատվիրատու եւ հարցի շահագրգիռ կողմ, պարտավոր է լուծում տալ ՙԲանդեր՚ թաղամասի ջրահեռացման խնդիրներին, ապա նոր միայն պահանջել հաշվիչների տեղադրում: Խնդիրն այն է, որ այս թաղամասում ոչ միայն կոյուղու ջրերը բաց տեսքով լիճ են հոսում, այլ նաեւ դրենաժային աշխատանքների չիրականացման պատճառով ջրածածկված են մնում առանձնատների նկուղները կամ տնամերձ հողամասերը: Կանխելով երկուստեք հնչած մեղադրանքները՝ Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հարցն ուսումնասիրել տեղում եւ գտնել իրատեսական ու հնարավոր լուծման տարբերակներ: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանն առաջ քաշեց մատակարարվող ջրի վատ որակի եւ դրա դիմաց ՙՀայջրմուղկոյուղու՚ կողմից պետական սակագներով սահմանված գանձումներ իրականացնելու խնդիրը: Մարզպետը Ճամբարակի քաղաքապետին առաջարկեց, համաձայն նախապես երկուստեք ձեռք բերված պայմանավորվածության, ՙՀայջրմուղկոյուղու՚ կառավարմանը հանձնել քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցն ամբողջությամբ եւ խնդրի լուծումը դիտարկել ծրագրով նախատեսված հիմնանորոգման համատեքստում: Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն առաջ քաշեց քաղաքի հարավային մասում գտնվող ՙԲրսեյ՚ աղբյուրի ջրերը ջրամատակարարման ցանց ներառելու, 5 եւ 6-րդ թաղամասերի կոյուղու ցանցի կառուցման եւ այն ընդհանուր ցանցում ներառելու, ինչպես նաեւ Գեղհովիտ կոյուղու կեղտաջրերից Մարտունի քաղաքի թաղամասերը զերծ պահելու խնդիրները: Ներքին Գետաշեն եւ Լճաշեն համայնքների ղեկավարները խնդիրներ առաջ քաշեցին որոշակի թաղամասերում խմելու ջրատարի ներքին ցանցերի հիմնանորոգման շուրջ, սպասարկող կառույցի առարկություններին պատասխանելով, որ հրատապ լուծում պահանջող այս հարցերը չեն պահանջում խոշոր, այլ ընդամենը համեստ ներդրումներ, այն էլ ՝ խողովակների տեսքով:
Սեւան քաղաքում եւ տարածքում անմխիթար վիճակում են գտնվում Գագարինավանի ջրամատակարաման համակարգը, Ձկնագետից սնվող գլխամասային աղբյուրների պաշտպանության գոտիները, ջրահեռացման համակարգը: Խմելու ջրատարների ներքին ցանցերի անմխիթար եւ վթարային վիճակների վերացման մասին խնդիրներ առաջ քաշեցին նաեւ Սարուխանի, Գանձակի, Չկալովկայի, Նորաշենի, Ծովազարդի, Կարմիրգյուղի եւ Նորատուսի համայնքների ղեկավարները, շեշտելով, որ ջրամատակարարման բարվոք վիճակի եւ որակյալ սպասարկման հասնելու համար հարկավոր են լուրջ ներդրումներ: Նրանք առարկություն բերեցին Պատրիկ Լորենի այն պատճառաբանմանը, թե համակարգի նորացման համար պահանջվող ներդրումների դիմաց իրենց հնարավորությունները սուղ են, քանի որ ՙՀայջրմուղկոյուղու՚ կողմից սպասարկվող բոլոր համայնքերն էլ ապահովում են սպառված ջրի դիմաց գրեթե 100 տոկոսանոց գանձումներ: ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային տեսուչ Սաշիկ Գինոյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը սեւեռեց մատակարարվող ջրի գլխամասային կառույցների պաշտպանական գոտիների հսկման եւ անվտանգության ապահովման վրա, հավելելով, որ հարցն աչքաթող անելու դեպքում բնակչությանը կարող են սպառնալ համաճարակային բռնկումները: Առաջ քաշված հիմնահարցերի լուծումների շուրջ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի ստորաբաժանումների համապատասխան ղեկավարներին տվեց հստակ հանձնարարականներ, հույս հայտնելով, որ մարզպետարանի, ՙՀայջրմուղկոյուղու՚ եւ համայնքերի համագործակցված աշխատանքը կարող է տալ դրական արդյունք մոտակա ժամանակների ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22