Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՇՈՐԺԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ԵԿԱԾ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

06.08.2012

Օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց Շորժայի ՙՆկարիչների տուն՚ պանսիոնատում հանգստացող արցախցի դպրոցականներին: Արդեն ավանդական դարձած միջոցառումը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզ-ԼՂՀ Մարտունու շրջան առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության հուշագրի շրջանակներում, որը երկու կողմերի միջեւ կնքվել է 2009 թվականի նոյեմբերին, ԼՂՀ Մարտունի քաղաքում: Ինչպես տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը` սա արդեն երրորդ տարվա ամառն է, ինչ Շորժան ընդունում է արցախցի երեխաներին, եւ տեղի ու արցախցի դպրոցականների շրջանում արդեն ձեւավորվել է մտերմություն ու բարեկամություն: Արցախի դպրոցականների պատվիրակության ղեկավար, Մարտունի քաղաքի թիվ երկու միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Միհրան Ջիվանյանի տեղեկացմամբ` Շորժայում հանգստի եկած տասնվեց երեխաներն ընտրվել են Մարտունու շրջանի վարչակազմի կրթության բաժնի կողմից, ուր հիմնական նախապատվությունը տրվել է շրջանի դպրոցների` ուսման մեջ առավել աչքի ընկած աշակերտներին` առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում հաղթածներին, ավարտական եւ միասնական քննությունների ժամանակ առավել բարձր միավորներ հավաքածներին, մարզական մրցումներում հաղթանակած պատանիներին եւ զոհված ազատատամարտիկների երեխաներին: Միհրան Ջիվանյանը հավելեց նաեւ, որ անցած հինգ օրերի ընթացքում Շորժայի դպրոցականների հետ կազմակերպվել են մարզական մրցումներ, ասմունքի երեկոներ, ինտելեկտուալ խաղեր, երեխաների հանգիստն անցնում է հետաքրքիր ու բովանդակալից: Ողջունելով արցախցի դպրոցականներին` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը սրտաբաց զրույցի բռնվեց նրանց հետ, շեշտելով, որ Գեղարքունիք-ԼՂՀ Մարտունու շրջան շփումները, բարեկամական փոխադարձ այցերը պետք է ծավալվեն ու ընդարձակեն իրենց շրջանակները: Մարզպետը խոստացավ արցախցի դպրոցականներին` հաջորդ ուսումնական տարում բուհեր ընդունված աշակերտներին Շորժայում հանգստանալու հրավիրել ընտրված կազմի ցուցակից դուրս: Հանդիպման ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետարանի հովանավորությամբ արցախցի դպրոցականները էքսկուրսիայի մեկնեցին Էջմիածին եւ Երեւան: Վաղը նրանք կայցելեն Սեւանի թերակղզի եւ մարզի այլ տեսարժան վայրեր: Արցախցի դպրոցականները Շորժայից կմեկնեն օգոստոսի ութին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22