Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԴԵՄ

03.08.2012

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում ` Այգուտում, Ծովագյուղում եւ Սեմյոնովկայում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, գյուղապետարանների եւ տեղի բուժամբուլատորաների համատեղ ուժերով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ տուլարեմիա կոչվող հիվանդության հնարավոր բռնկումների դեմ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` տուլարեմիան սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է դաշտամկների եւ տզերի միջոցով:Ահա եւ այս տարվա առաջին դեպքը գրանցվել է Այգուտ գյուղում: 51-ամյա անասնապահը վերջերս հիվանդացել է իրեն անհասկանալի մի հիվանդությամբ, որի լաբորատոր հետազոտությունն անմիջապես ախտորոշել է տուլարեմիա: Հիվանդը հաստատել է, որ օրեր առաջ դաշտում իրեն տիզ է կծել: Ի դեպ, տզերն էլ հիվանդությունը կրում են վարակված դաշտամկներից: Տուլարեմիայի հարուցիչը կարող է նաեւ փոխանցվել խմելու ջրի միջոցով: Այդիսկ պատճառով էլ երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նաեւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը եւ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ հանրապետական հակաժանտախտային կայանի ներկայացուցիչները, մանրակրկիտ անդրադարձել է տուլարեմիայի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներին: Հանձնարարվել է հսկողության տակ առնել խմելու ջրատարների գլխամասային կառույցները, վերականգնել եւ ամրացնել պաշտպանության գոտիները: Կանխարգելման մյուս բաղադրիչը բնակչության շրջանում յոթ տարեկանից բարձր մարդկանց պատվաստումն է, ինչին արդեն ձեռնամուխ են եղել Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծված կանխարգելող խմբերը: Արդեն հաշվառվել են նշյալ երեք գյուղերի բնակիչները, եւ այս պահին շարունակվում են պատվաստման աշխատանքները: Դաշտերում աշխատող մարդկանց համար ստեղծվել են շարժական բրիգադներ, որոնք պատվաստումները կատարում են անգամ ամենահեռավոր եւ դժվարամատչելի հանդամասերում: Բնակիչների համար պատրաստվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ, ուր նշված են տուլարեմիայի առաջացման նախանշանները եւ կանխարգելման միջոցները: Պատվաստումների ավարտը նախատեսված է մինչեւ եկող երեքշաբթի օրը: Բացի այդ, Սեմյոնովկայի, Այգուտի եւ Ծովագյուղի վարչական տարածքներում հանրապետական հակաժանտախտային կայանի աշխատակիցներն իրականացնում են կրծողազերծման եւ միջատազերծման աշխատաներ հատուկ գրավչանյութերի միջոցով: Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ այս պահին նույն կայանի աշխատակիցները կատարում են հետազոտություն` մյուս համայնքները տուլարեմիայի բռնկումներից զերծ պահելու համար: Հավելենք, որ տուլարեմիայի բռնկման հիմնական օջախը հանդիսանում է Մայմեխ լեռան շրջակայքը, որն ընկնում է Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի տարածքներում, որտեղ եւ այժմ տարվում են կրծողազերծման եւ միջատազերծման աշխատանքները: Ի դեպ, տուլարեմիայի բռնկման 20 դեպք արձանագրվել է 2007 թվականին, Ծովագյուղում, որը ժամանակին կանխարգելվել է: Կանխարգելման միջոցառումների վերջին բաղադրիչը մարզի ամենատարբեր մասնագիտությունների տեր բժիշկների համար հատուկ սեմինար դասընթացների կազմակերպումն է, որպեսզի նրանք կարողանան ժամանակին ու անսխալ ճանաչել եւ ախտորոշել տուլարեմիան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15