Տպել
Նորություններ
ԽՈՏՀՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
30.07.2012

Գեղարքունիքի մարզի համայնքերում գյուղատնտեսական եռուզեռի ժամանակաշրջան է: Այս պահին ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները: Խոտհունձը ցանովի խոտաբույսերի դաշտերում արդեն ավարտին է մոտենում: Նշված ցանքատարածությունները մարզում կազմում են մոտ ութ հազար հեկտար: Մեկ հեկտարից, միջին հաշվով հնձվում է մոտ 20 ցենտներ խոտ, ինչը համեմատաբար նվազ ցուցանիշ է անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների համար: Անասնակերի սակավությունը հիմնականում կապվում է բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետ: Ի տարբերություն ցանովի խոտհարքերի, բնական խոտհարքերից հնձի արդյունքները համեմատաբար բավարար են, ինչը հիմնականում պայմանավորված է մարզի լեռնային եւ բարձրլեռնային հատվածներում վերջին շրջանում գրանցված առատ տեղումներով: Մի քանի օրից նշված հատվածներում կսկսվի խոտհունձը, որը խոստանում է 1 հեկտարի կտրվածքով ապահովել մինչև 1,5 տոննա անասնակեր, եթե իհարկե բնակլիմայական պայմանները լիովին թույլ տան: Սակայն բերքահավաքի աշխատանքները դժվարանում են վառելանյութի և տեխնիկայի մատուցած ծառայությունների գների պատճառով: Առատ բերքի սպասելիքներ կան կարտոֆիլի և բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածություններից: Մարզում ցանված 15 հազար հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններից ակնկալվում է մոտավորապես 25-30 ցենտներ բերք, առանձին տնտեսություններում՝ նույնիսկ ավելին: Շատ կարտոֆիլագործներ համոզված են, որ վարուցանքի ընթացքում կատարված ծախսերը կհատուցվեն կարտոֆիլի բարձր բերքով: Սակայն կարտոֆիլագործներին այս պահից արդեն մտահոգում է բերքի իրացման հարցը: