Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
19.07.2012

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի աշխատանքային այցերը մարզի տարածքներում շարունակվում են: Հուլիսի 19-ին Սևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում նա հանդիպում ունեցավ տվյալ տարածաշրջանի համայնքների ղեկավարների և մարզային ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների տնօրենների հետ: Մարզի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, հիմնավորված և նպատակային օգտագործման, դրանց թափանցիկության ապահովման գործընթացներին, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ մինչև հուլիսի 30-ը սեփական եկամուտների հավաքագրման հարցում համայնքները կապահովեն ցանկալի արդյունք: Առաջնորդվելով ՀՀ Կառավարության կողմից մշակված բարեփոխումների ծրագրով, մարզպետը մասնավորապես կանգ առավ կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում տեղ գտած խնդիրներին և դրանց ենթադրվող լուծումներին: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքային խնդիրների կարգավորման գործում կարևորեց նաև համայնքների ղեկավարների և տվյալ համայնքում գործող կրթական ու առողջապահական հիմնարկների ղեկավարների սերտ համագործակցությունը:Հանդիպման ընթացքում խոսվեց մանկավարժների համար իրականացվող վերապատրաստման դասընթացների արդյունավետ անցկացման, դպրոցական խորհուրդների գործունեության բարելավման, կրթական համակարգում նախատեսվող այլ բարեփոխումների մասին:
Գեղարքունիքի մարզպետը իր մտահոգությունն հայտնեց հումանիտար դեղորայքի հասցեական բաշխման, բժշկական որակյալ ծառայությունների մատուցման, մարզում նեղ մասնագետ կադրերի ապհովման և ոլորտում առկա այլ անելիքների վերաբերյալ:
Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտում կատարվող աշխատանքներին, Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, համայնքների ղեկավարների և շահագրգիռ ծառայությունների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում օրինականացնել լճափնյա հատվածներում առկա ապօրինի շինությունները: Համայնքների ղեկավարներին հանձնարարվեց սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնել իրենց համայնքների քաղաքացիական պաշտպանության պլանները, ինչպես նաև աշնանացանի պահանջներին վերաբերող առաջարկությունների փաթեթ: Խոսվեց համայնքներում սեփական հողատարածքների օգտագործման և դրանց վարձավճարների գանձման , հոկտեմբեր ամսին անցկացվող զորավարժությունների և ընթացիկ այլ խնդիրների մասին: