Տպել
Նորություններ
ՄԵԿՆԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
18.07.2012

Հուլիսի 13-ին լրացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բագրատ Կրոյանի քաղաքացիական ծառայության մասին օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հետ կապված պաշտոնավարման ժամկետը: Բագրատ Կրոյանը քաղաքաշինության ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 1969 թվականից, այն շարունակելով արդեն Գեղարքունիքի մարզպետարանում՝ 1996 թվականից: Անցնելով մասնագիտական երկար աշխատանքային ճանապարհ, նա լուրջ ավանդ է ներդրել նաև մարզի քաղաքաշինության ոլորտում: Կրոյանին ճանաչում և գնահատում են որպես օրինապահ, իր գործին քաջատեղյակ, հմուտ և խելացի մասնագետի:
Նույն օրը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալները և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետարանում կազմակերպված փոքրիկ միջոցառմամբ վաստակած հանգստի ճանապարհեցին իրենց գործընկերոջը: Մարզի ղեկավարը բարձր գնահատեց Բագրատ Կրոյանի մարդկային հատկանիշները, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել նաև նրա մասնագիտական ունակությունների ձևավորման հարցում: ,,Լինելով բարձրակարգ մասնագետ քաղաքաշինության ոլորտում, պարոն Կրոյանը դեռ կշարունակի օգտակար լինել իր մասնագիտությանը և հանրությանը, սակայն նրա տեղը մարզպետարանում այնուամենայնիվ ,,դատարկ,, է մնալու,,, իր խոսքում նշեց մարզպետը: Կրոյանի հասցեին մեծարանքի խոսքեր հնչեցրին նաև միջոցառման մասնակիցները:
Բագրատ Կրոյանը հույս հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում կգտնվի իրեն արժանի փոխարինող և ինքն էլ պատրաստակամ կլինի իր մասնագիտական խորհուրդներով աջակցել նրան:
Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի հուլիսի 17-ի հրամանով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ է նշանակվել նույն վարչության ճարտարապետաշինարարական բաժնի առաջատար մասնագետ Խաչիկ Բուդումյանը: