Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԷՐ
12.07.2012

Հուլիսի 12-ին Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ճանաչողական այցով եղավ Վարդենիս քաղաքում: Մարզպետի առաջին հանդիպումը կայացավ Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարների հետ: Մեծամասամբ ծանոթ լինելով մարզի կենսագործունեությանը, Ռաֆիկ Գրիգորյանը նախ անդրադարձավ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Որպես առաջին հանձնարարական մարզի ղեկավարը հորդորեց տարածաշրջանի համայնքների ղեկավարներին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցված ու հետևողական աշխատանք իրականացնել և մինչև հուլիսի 30-ը ապահովել տեղական բյուջեների հավաքագրման բավարար ցուցանիշ: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը կիսելով համայնքների ղեկավարների մտահոգությունը, նրանց տեղեկացրեց, որ մարզպետարանում հուլիսի 9-ից ձևավորվել է հանձնաժողով, որն զբաղվում է ՀՀ կառավարության կողմից մարզին տրամադրած սերմացուների ցանքատարածությունների ծլունակության ուսումնասիրման գործընթացով: Նրա խոսքով հանձնաժողովը սահմանված ժամկետում կուսումնասիրի ցանքատարածություններում տիրող իրավիճակը և մարզպետարանը արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնի ՀՀ նախագահին և կառավարությանը: Հանդես գալով պարզաբանմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Վանիկ Հովհաննիսյանը նշեց, որ արդեն ուսումնասիրությունները ավարտվել են 14 համայնքներում, որտեղ պատկերը հետևյալն է. ցանքաշրջանառության կանոնները ճիշտ պահպանած տնտեսություններում ապահովվել է բարձր ծլունակություն, իսկ կանոնները ճիշտ չպահպանած տնտեսություններում՝ ցածր: Դիմելով համայնքների ղեկավարներին՝ Գեղարքունիքի մարզպետը հանձնարարեց հետևողական աշխատանք տանել իրենց ղեկավարած համայնքների առողջապահական և կրթական հաստատությունների հետ, ապահովել աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված մարդկանց ցուցակների հրապարակայնությունն ու թափանցիկությունը : Հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարզի տարածքում առկա ապօրինի շինությունների հաշվառման և օրինականացման մասին: Մարզպետը շեշտեց, որ պետք է անել այնպես, որ այսուհետ մարզում չլինեն ապօրինի համարվող շինություններ և չառաջանան նորերը, ինչին իրենց աջակցությունը պետք է ցուցաբերեն համայնքների ղեկավարները և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները: Մարզպետը նաև հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության կողմից տրամադրված միջոցներով առաջիկայում մարզի համայնքներում կիրականացվեն մի շարք հրատապ լուծում պահանջող և կենսական նշանակության ծրագրեր: Այս նպատակով անհրաժեշտ է այդ ծրագրերի ցանկը հստակեցնել և ներկայացնել մարզպետարան:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նույն օրը հանդիպում ունեցավ նաև Վարդենիսի տարածաշրջանի առողջապահական հիմնարկների և կրթական հաստատությունների ղեկավարների հետ: Մարզպետը մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին հորդորեց ցուցաբերել ամենայն պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ և լինել խիստ հետևողական բոլոր ուղղություններով: Բուժհիմնարկների տնօրեններին հանձնարարվեց ամեն կերպ ընդառաջել պետական պատվերի շրջանակներում իրենց բուժումը իրականացնել ցանկացող քաղաքացիներին, հումանիտար դեղորայքը հասանելի դարձնել հասցեատիրոջը: Իսկ կրթական ոլորտում իրականացնել ճիշտ հաշվառում առաջին դասարանցիների կոմպլեկտավորման ընթացքում, դպրոցները համալրել մասնագետ կադրերով, արգելեր դրամահավաքությունը կրթական հաստատություններում, աշխատանքներ տանել ծնող-դպրոց կապի խորացման ուղղությամբ և մնացած բնույթի այլ աշխատանքները իրականացնել օրենքի տառին համապատասխան: