Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՇՏՈՆԸ ԳՆՈՒՄ Է, ԳՈՐԾԸ՝ ՄՆՈՒՄ

14.06.2012

ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքում փոփոխության ենթարկվեց նաեւ ՀՀ կառավարության կազմը: Նոր ձեւավորվող կառավարության կազմում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չցանկացավ շարունակել կոալիցիոն գործընկերությունը: Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունն արդեն նշանակում էր, որ նոր կառավարությունում չեն լինի այդ կուսակցության քաղաքականությունն իրականացնող նախարարներն ու մարզպետները: ԲՀԿ-ն ներկայացնող Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մայիսի 31-ին հրաժեշտի հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ: Առանձին-առանձին շրջայց կատարելով աշխատակազմի վարչություններ ու բաժիններ՝ Նվեր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի  ողջ աշխատակազմին՝ հինգ տարվա համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար: Նա նշեց, որ իր պաշտոնին հրաժեշտ է տալիս քաղաքական շարժառիթներով՝ մնալով որպես մարզպետարանի աշխատակիցների, մարզում աշխատող բազմաթիվ պաշտոնատար անձանց ու բնակչության անկեղծ ընկերն ու սրտացավ բարեկամը: Նվեր Պողոսյանն իր նախկին գործընկերներին նաեւ կոչ արեց՝ պահպանել հինգ տարիների ընթացքում մարզի կենսագործունեության մեջ արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները, շարունակել ջանադիր աշխատանքը իրենց տեղերում՝ ի շահ երկրի ու պետության զորացման, մեր ժողովրդի կյանքի որակի էական բարելավման, ազգային համերաշխության, ինչը նա կհամարեր որպես փոխադարձ հարգանքի լավագույն դրսեւորում:
Իրենց հերթին մարզպետարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին Նվեր Պողոսյանին, խոստանալով, որ չեն կորցնի աշխատանքային թափն ու ձեռագիրը եւ կանեն հնարավորը՝ մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար:
Նվեր Պողոսյանը զրույց ունեցավ նաեւ ՙԳեղամա աշխարհի՚ խմբագրակազմի հետ՝ հորդորելով շարունակել թերթի կանոնավոր հրատարակումը եւ հանրային կյանքի բազմակողմանի լուսաբանումը:
Հանուն արդարության պետք է նշել, որ Նվեր Պողոսյանի պաշտոնավարման շրջանն արգասաբեր եղավ ՙԳեղամա աշխարհի՚ համար. փոխվեց թերթի ձեռագիրը, բովանդակությունը, շունչը, ընդլայնվեց տարածման շրջանակը: Եվ մեզ աջակցողների ու ոգեշնչողների մեջ առաջինը Նվեր Պողոսյանն էր: Ու նա կմնա մեր կողքին իր մարդկային կեցվածքով եւ հայրենասիրությամբ, ուղղամտությամբ, աշխատասիրությամբ ու հայասիրությամբ, հուշելով մեզ, որ այս հողի վրա դեռ ապրելու, արարելու, ստեղծագործելու առաքելություն, ձգտում ու եռանդ ունենք, որը չպետք է կորցնենք ոչ մի ակնթարթ:
Հունիսի յոթին Նվեր Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հարգելով Նվեր Պողոսյանի դիմումը, շնորհակալություն է հայտնել նրան Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում աշխատած դրական ու արդյունավետ աշխատանքի համար:

ՙԳեղամա աշխարհ՚
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59